Մատչելիության հղումներ

Նույնականացվել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկներում տեղի ունեցած դեպքի մասնակից 40 անձինք. ՔԿ


Նույնականացվել են Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկներում կատարված զանգվածային անկարգությունների մասնակից 40 անձինք, հայտնում է քննչական կոմիտեն:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30–ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին։ Նրանք խմբով միմյանց դեպի առաջ և ոստիկաններին հրելու, ճնշում գործադրելու միջոցով փորձել են ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարեքերի ուղղությամբ:

«Նշված գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել են հատուկ միջոցներ, որից հետո հավաքի բազմաթիվ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին ու նրանց անօրինական գործողությունները կանխելուն ուղղված գործողություններին, ոչ միայն չեն հանդարտվել, այլ հակառակը՝ վերջիններիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել են քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ, կոտրել են կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները», - նշված է հաղորդագրությունում:

Այդ գործողությունների հետևանքով, ըստ Քննչականի, վնասվածքներ են ստացել և բուժօգնության են դիմել 101 անձինք, որոնցից 18-ը՝ ոստիկանության ծառայողներ։

Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղական ձողեր, շշեր, ապակու կտորտանքներ, ցուցանակի կտորներ, այլ առարկաներ, արյան հետքեր հայտնում է ՔԿ-ն՝ նշելով՝ մասնակիցների նույնականացման և արարքների անհատականացմանն ուղղված միջոցառումները լայն ծավալով շարունակվում են։

ՔԿ-ն նախօրեին քրեական վարույթ է նախաձեռնել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում իրադարձությունների հետքերով՝ «զանգվածային անկարգություններ» որակելով դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG