Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտան բաց է, երթևեկությունը՝ վերականգնված


Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է, 14-ը հունիսի, 2024թ․
Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է, 14-ը հունիսի, 2024թ․

Բաղրամյան պողոտայում վրաններ այլևս չկան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հեռացել է պողոտայից, երթևեկությունը պողոտայում վերականգվել է։

Երեկ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ հունիսի 14-ից պողոտան կբացվի՝ նշելով, որ «սպառել են 4 օրերի շրջանը»։

Երևանի գլխավոր պողոտաներից մեկը փակ էր հունիսի 9-ից։ Այդ օրը կայացած հանրահավաքին Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժման առաջնորդը հայտարարեց, որ մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը։

«Մենք ուզում էինք, որ այս 4 օրերի գագաթը լիներ այս մարդու հեռացումը, բայց վավերական իմաստով այս մարդն արդեն հեռացված է, անկախ նրանից՝ ինչ են ուզում անել», - երեկ հայտարարեց Բագրատ Գալստանյանը՝ նշելով, որ ուզում է ամբողջ շարժումը «վերադասավորել ու հասցնել իր հաղթական ավարտին»։

Առաջիկա օրերին, ըստ սրբազանի, տարբեր հանդիպումներ են ունենալու։ Թե ում հետ, նա չմանրամասնեց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն։

Ոստիկանությունը հունիսի 12-ին հատուկ միջոցներ կիրառեց Ազգային ժողովի հարակից տարածքում շարժման հավաքի ժամանակ, հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG