Մատչելիության հղումներ

«Ոչ մի խոստում Փաշինյանի թիմը չկատարեց». «Ավտոբուսի գործով» մեղադրյալը հարցաքննվեց


Իշխող կուսակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում միջադեպի գործով մեղադրյալն այսօր դատարանում ավելի քան երկու ժամ հարցաքննվեց։ Սամվել Վարդանյանը մի քանի անգամ հայտարարեց՝ ամիսներ առաջ դեռ իշխանական պատգամավորի հասցեին արտահայտությունները իր քաղաքացիական դիրքորոշումն էր, ոչ թե՝ քաղաքական հայացքներով պայմանավորված վերաբերմունքը: Իր բառերը համարեց հանրային պարսավանք որոշում կայացնողների նկատմամբ:

30-ամյա Վարդանյանը մեղադրվում է խուլիգանության, ինչպես նաև համացանցում քաղաքական հայացքներով պայմանավորված պատգամավորի նկատմամբ խտրականություն, ատելություն տարածելու համար, մեղքը չի ընդունում։ Փաստաբանները շարունակում են պնդել՝ վիրավորական արտահայտություններ անելը դեռ հանցագործություն չէ։

Այսօրվա հարցաքննությանը կողմերը փորձում էին պարզել երիտասարդի քաղաքական հայացքները: Դատախազ Հայկ Ավետյանն ասաց՝ մեղադրանքո՛վ պայմանավորված են քաղաքական բնույթի հարցեր տալիս:

«Քաղաքականության հետ կապված հարցերը հնչել են բացառապես, քանի որ առաջադրված մեղադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված քաղաքական հայացքներով պայմանավորված արտահայտության շրջանակում է», - նշեց Ավետյանը:

Վարդանյանն ամիսներ առաջ ՔՊ-ական պատգամավորին հանդիպել էր քաղաքային տրանսպորտում, հեռախոսի տեսախցիկը միացրել ու նրան «հակահայ վիժվածք, ժեխ բիձա» բառերով դիմել: Տարածված կադրերում երևում է, որ պատգամավորն, ի պատասխան, հարվածում է Վարդանյանին։

Այսօր Վարդանյանը պնդեց՝ անձամբ Հակոբ Ասլանյանին վատ չի վերաբերվում: Իր այս վերաբերմունքը կարող էր դրսևորել իշխանության ցանկացած ներկայացուցչի նկատմամբ, ով ունի որոշումներ կայացնելու իրավունք։ Ասաց՝ թերթել էր իշխող թիմի 2021 թվականի նախընտրական ծրագիրը, որտեղ Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու խոստում կար, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն սա չարեց, ավելին՝ ողջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

«Ես դա համարում եմ հակահայ քաղաքականություն, երբ գալիս եք խոստումներով, որ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա է լինելու ու հետո գնում եք Արցախն Ադրբեջանի մաս եք ճանաչում», - նշեց նա:

«Դա իմ վերաբերմունքն էր իշխանության նկատմամբ». «Ավտոբուսի գործով» մեղադրյալը հարցաքննվեց
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Վարդանյանն ասաց՝ կուսակցական չէ, որպես քաղաքացի միշտ ակտիվ է եղել, մասնակցել ընտրություններին։ Նախորդ իշխանությունների ժամանակ էլ նրանց է քննադատել, սկզբում կողմ է եղել Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը, հետո փոխել է վերաբերմունքը։ Ասաց, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ինչից հետո դատախազը հարցրեց՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ընդունում էր իշխանության վարած քաղաքականությունը։ Ամբաստանյալը ասաց՝ հայրենիքն է պաշտպանել։

Եթե քննիչները արագ քննեցին ու այս գործն ուղարկեցին դատարան, ապա Վարդանյանին խոշտանգելու գործն արդեն ութ ամիս է քննում են ու որևէ մեղադրյալ չկա: Վարդանյանը ձերբակալվելուց հետո Քննչականի ճանապարհին ծեծի էր ենթարկվել։ Հարուցվել էր քրեական գործ խոշտանգման հոդվածով։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ սա քաղաքական պատվեր էր մի մարդու հանդեպ, ով համարձակվել էր իշխանական պատգամավորի հետ վեճի բռնվել։

Օրերս Քննչական կոմիտեն «Ազատության»-ը հայտնել է, որ չկան մեղադրյալներ, քանի որ 8 ամսվա ընթացքում ձեռք չեն բերել այնպիսի տվյալներ, որոնք բավարար կլինեն օրինակ Վարդանյանին ուղեկցող ոստիկաններին մեղադրանք առաջադրելու։ Հենց ոստիկանների հսկողության տակ գտնված ժամանակ էր Վարդանյանը ծեծի ենթարկվել անհայտ անձանց կողմից, երբ ոստիկանները ավտոմեքենան կանգնեցրել էին ու մի քիչ հեռացել՝ բնական կարիքները հոգալու։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով, այս գործը չի էլ բացահայտվելու. - «Ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է ու եթե քաղաքական պատվեր է, քննչական մարմիններն էլ ամբողջությամբ գտնվում են այս իշխանության վերահսկողության ներքո, դուք ո՞նց եք պատկերացնում, որ իրենք կարող է բացահայտեն անգամ այսքան պարզ գործերը»:

Հաջորդ դատական նիստը փետրվարի 20-ին է, դատախազը հանդես կգա մեղադրական ճառով։

XS
SM
MD
LG