Դատարանն այսօր շարունակում է քննել ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանի գործը։
Երիտասարդը մեղադրվում է իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու համար։
Ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ Վարդանյանն ապրիլի 15-ին երևանյան երթուղայինում նկատել է իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» արտահայտությունները։ Նա, փաստաբանի խոսքով, մեղադրանքը չի ընդունում:
«Այս առումով, այո՛, մենք մեղադրանքը չենք ընդունում: Այն փաստերը, որոնք առնվազն այդ տեսանյութում երևում են, Սամվել Վարդանյանը, բնականաբար, չի ժխտում, բայց Սամվել Վարդանյանը և մենք այն համոզմանն ենք, որ այդ փաստերը հանցակազմ չեն պարունակում», - ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Ըստ Քննչականի՝ Սամվել Վարդանյանը տրանսպորտում վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել պատգամավոր Ասլանյանին, խախտել հասարակական կարգը, նաև քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ արել։ Այս դրվագով քննությունը մոտ մեկ ամիս տվեց։
Ձերբակալությունից հետո Սամվել Վարդանյանը հայտարարեց, որ իրեն ծեծի են ենթարկել։ Փաստաբանները հայտարարեցին, թե անհայտ անձինք գիշերով ծեծել են իրեն Քննչականի տարածքում, երբ նա փաստացի եղել է ոստիկանների հսկողության ներքո: Ծեծի դրվագով գործի հարուցումից երկու ամիս անց որևէ մեղադրյալ ոստիկան չկա։
Գլխավոր դատախազությունից «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էին՝ ստացել են Վարդանյանին ձերբակալելու և Ոստիկանություն, ապա Քննչական տեղափոխելու տեսագրությունները, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։ Քննչականից պնդում են՝ շարունակում են քննությունը՝ պարզելու թե՛ ոստիկանների գործողությունները, թե՛ ձերբակալվածին առերևույթ խոշտանգելու հանգամանքները։