Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է նոր բնակավայրի՝ Դոնեցկի մարզի Վոզնեսենկա գյուղի գրավման մասին։ Թեժ մարտեր են նաև Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի արվարձաններում, որը առանցքային նշանակություն ունի ուկրաինական բանակի մատակարարումների համար։ Ռազմական փորձագետ Յան Մատվևը, սակայն, «Ազատության»-ն ասել է, թե դեռ վաղ է խոսել ուկրաինական պաշտպանության այս գծի ճեղքման մասին։
«Սա դեռ նման է ռուսական առանձին խմբերի ներթափացման։ Ուկրաինայի համար Կուպյանսկի պաշտպանությունը չափազանց կարևոր է, սա լուրջ տրանսպորտային հանգույց է։ Կարծում եմ, որ ուկրաինական կողմը կուժեղացնի քաղաքի պաշտպանությունը», - նշել է Մատվևը։
Ռուսներն ակտիվ գրոհում են նաև Դոնեցկի մարզի մեկ այլ՝ ռազմավարական նշանակություն ունեցող Կուրախովո քաղաքի ուղղությամբ։ Նախօրեին՝ երկու ամսվա դադարից հետո, հրթիռակոծվել էր նաև մայրաքաղաք Կիևը։
«Ռուսների առաջխաղացման ու Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին Կիևի առաջնահերթությունները փոխվել են», - գրում է New York Times-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների։ Վերջիններս ասել են, որ հիմա Կիևի համար օրակարգային է ոչ թե հողերի վերադարձի, այլ՝ նախ և առաջ անվտանգության երաշխիքների ու հրադադարի պահպանման հարցը:
«Ուկրաինացի պաշտոնյաները ամիսներ շարունակ բացառում էին, թե կհամաձայնեն զիջել ռուսական օկուպացիայի տակ գտնվող տարածքը՝ խաղաղ կարգավորման դիմաց։ Հիմա, սակայն, Կիևը սկսել է առաջնային համարել անվտանգության երաշխիքները։ «Ուկրաինայի համար դրանից կարևոր բան չկա», - ամերիկյան թերթին ասել է Ուկրաինայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահը։
Արդեն երկու տարուց ավելի շարունակվող պատերազմով Ռուսաստանը օկուպացրել է Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսը։
«Կիևը դրանցից չի հրաժարվելու», - պնդել է ուկրաինացի պաշտոնյան։
Նույնը նաև նախագահ Զելենսկին էր հայտարարել ամիսներ առաջ, ընդգծելով՝ «բոլորն էլ հասկանում են, որ անկախ նրանից՝ ինչ տարբերակ մենք կընտրենք, իրավական առումով որևէ մեկը չի ճանաչելու օկուպացված տարածքների պատկանելությունն այլ երկրներին»։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների մասին լուրերն էլ ավելի են սաստկանում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների մասին լուրերն էլ ավելի են սաստկանում Դոնալդ Թրամփի կաբինետի ձևավորման ֆոնին․ ԱՄՆ նորընտիր նախագահը պետքարտուղարի ու մյուս առանցքային պաշտոններում ընտրում է քաղաքական գործիչների, որոնք համոզված են, թե ռուս-ուկրաինական պատերազմը պետք է օր առաջ դադարեցնել։
Բայդենի վարչակազմը, մինչդեռ պնդում էր՝ հրադադարի ժամանակն ու պայմանները պետք է Ուկրաինան որոշի։ Երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը Բայդենն ու Թրամփը նաև Ուկրաինայի հարցն են քննարկել։ Զրույցի մանրամասները Թրամփը չի հայտնել, Սպիտակ տունը հաղորդել է՝ Բայդենը հորդորել է Թրամփին շարունակել աջակցությունն Ուկրաինային։
«Ուժեղ Եվրոպան, որը դիմակայում և հակահարված է տալիս ագրեսորներին և բռնապետերին, թույլ է տալիս, որ մենք անմիջականորեն չներքաշվենք պատերազմի մեջ, ինչը երկու անգամ տեղի է ունեցել 20-րդ դարում՝ եվրոպական մայրցամաքում», - ասել է Սպիտակ տան Անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Հնարավոր բանակցություններից առաջ Ռուսաստանը 50 հազար, այդ թվում՝ հյուսիսկորեացի զինվորներ է տեղակայել Կուրսկի մարզում, որպեսզի ետ գրավի անցած օգոստոսից Ուկրաինայի վերահսկողության տակ անցած տարածքները։
Կիևը չէր թաքցնում, որ մտադիր է ռազմական այդ հաջողությունն օգտագործել բանակցություններում՝ Կրեմլից զիջումներ կորզելու համար։
«Ռուսաստանը հիմա փորձում է Կիևին զրկել այդ խաղաքարտից», - ասում են ռազմական փորձագետները։ Ուկրաինան, հղում անելով իր հետախուզությանը, հայտարարում է, թե ռուսական և հյուսիսկորեական բանակների համատեղ հարձակումը Կուրսկում կարող է սկսվել արդեն առաջիկա օրերին։