Մատչելիության հղումներ

էնթոնի Բլինքենը մեկնում է Եվրոպա՝ Ուկրաինայի հարցով հրատապ բանակցությունների


Միացյալ Նահանգների պետքարտուղար էնթոնի Բլինքենը մեկնում է Եվրոպա՝ Ուկարինայի հարցով հրատապ բանակցությունների։ Այցը տեղի է ունենում նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, որը մտահոգություններ է առաջացրել, թե Վաշինգտոնը կարող է հունվարից կրճատել աջակցությունը Կիևին։ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, Բլինքենը վաղը կլինի Բրյուսելում, որտեղ կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

Այցից առաջ՝ այսօր, Եվրամիության նոր արտգործնախարար Կալա Կալասն ընդգծել է՝ Ամերիկայի մեկուսացումը կհակասի հենց Նահանգների շահերին։

Մինչ դաշնակիցները կհանդիպեն՝ առաջիկա քայլերը քննարկելու, ռուսական ուժերը ակտիվորեն շարունակում են ռմբակոծել ուկրաինական խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները։ Զելենսկու ծննդավայր Կրիվոյ Ռոգում նախօրեի հրթիռակոծությունից հինգ հարկանի շենք է փլուզվել, զոհվել է ընտանիքի մայրը՝ երեք երեխաների հետ։ Երեխաներից փոքրը կես տարեկան էլ չկար:

Շարունակվում է նաև ռուսների առաջխաղացումը ճակատի միանգամից մի քանի ուղղությամբ։ Ուկրաինական հեռուստաալիքները տեսանյութ են տարածել, որտեղ երևում է՝ ինչպես է ռուսական հարվածից վնասվել ռազմավարական նշանակություն ունեցող Կուրախովոյի ջրամբարը։

ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, թե բանակը ամրապնդում է այդ շրջանների պաշտպանությունը, որտեղով անցնում են բանակի մատակարարման համար կենսական նշանակության ուղիները։

Պուտինն ակնկալում է Կուրսկից դուրս մղել ուկրաինական ստորաբաժանումները մինչև Թրամփի երդմնակալությունը. The Telegraph

Առաջիկա օրերին էլ թեժ մարտեր են նախատեսվում Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինացիներն էին անցած օգոստոսից մի շարք բնակավայրեր գրավել։ Դրանք ետ բերելու համար Ռուսաստանը 50 հազարանոց զորք է կուտակել տեղանքում, այդ թվում՝ տասը հազար զինվոր բերել Հյուսիսային Կորեայից։

«Նախագահ Պուտինը մտադիր է ուկրաինական ստորաբաժանումները դուրս մղել Կուրսկից մինչև Թրամփի երդմնակալությունը, որպեսզի ավելի շահեկան դիրք ունենա խաղաղության շուրջ հնարավոր բանակցություններում», - գրում է բրիտանական The Telegraph-ը։

Ավելի վաղ Զելենսկին հրապարակել էր Խաղաղության իր պլանը՝ առաջարկելով դաշնակիցներին թույլ տալ, որ Ուկրաինան արևմտյան զենքով հարվածի Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին, և անհապաղ բանակցություններ սկսել Կիևի հետ՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով։ Առայժմ Արևմուտքից այս ծրագիրը չեն մերժել, բայց և չեն հաստատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG