«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորի ընտանիքը Դուբայում թաքցրել է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք, ինչը շատ ավելին է, քան նրանք կարող էին իրենց թույլ տալ՝ հաշվի առնելով նրանց պաշտոնական եկամուտները։
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը փաստեր էր բացահայտել ուկրաինացի 10 բարձրաստիճան ներկա և նախկին պաշտոնյաների ընտանիքներին անդամներին Դուբայում գտնվող գաղտնի ունեցվածքի մասին։
Վերջին բացահայտումները վերաբերում են Հեննադի Կասայի դստերն ու եղբորորդուն։ Կասայն Ուկրաինայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ է:
«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Հեննադի Կասայի դուստրն ու եղբորորդին ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք ունեն Դուբայում, ինչը շատ ավելին է, քան նրանք կարող էին իրենց թույլ տալ՝ հաշվի առնելով նրանց պաշտոնական եկամուտները։
Արաբական Միացյալ Էմիրությունների տարբեր պետական ռեգիստրներից փաստաթղթերի արտահոսքի, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի նախագծի» (OCCRP) հետ համագործակցությամբ պարզվել է՝ Կասայի ընտանիքը Ռուսաստանի նախաձեռնած պատերազմից հետո՝ 2022-ից 2023 թվականներին չորս բնակարան է գնել Դուբայի պրեմիում բնակելի համալիրներում։
2022 թվականի ապրիլին պատգամավորի դուստրը՝ Պոլինա Կասայը, ով այդ ժամանակ 22 տարեկան էր, 310 հազար դոլարով ձեռք է բերել երկու սենյականոց բնակարան Dubai Gate 2 բնակելի համալիրում։
Նույն ամսին 25-ամյա Օլեքսանդր Կասայը 202 հազար 500 դոլարով բնակարան է գնել Studio One բնակելի համալիրում։ Հետո ևս մեկը՝ 2022 թվականի օգոստոսին՝ գրեթե 330 հազար դոլարով, և 2023 թվականի փետրվարին՝ 240 հազար դոլարով:
Մինչդեռ, անձնական եկամուտների ռեգիստրի տվյալներով, վերջին երեքուկես տարվա ընթացքում Պոլինա Կասայը պաշտոնապես ստացել է միայն 70 հազար դոլար եկամուտ: Նա ռադիոկայանի հարցերին հրաժարվել է պատասխանել:
Օրենսդիր Հեննադի Կասայը և նրա կինը, ըստ եկամուտների հայտարարագրի, վերջին երեք տարիների ընթացքում վաստակել են մոտ 60 հազար դոլար, մեծ մասը ստացվել է որպես պատգամավորի աշխատավարձ:
Նրանց եղբորորդին՝ Օլեքսանդրը, նույնպես չի արձագանքել դրամական միջոցների ծագման մասին հարցերին։ Նա պրոֆեսիոնալ հանդբոլիստ է, բիզնես շահեր ունի երկու ուկրաինական ընկերություններում, որոնցից որևէ մեկը իրատեսորեն չէր ապահովի եկամուտ՝ Էմիրություններում թանկարժեք գույք գնելու համար:
Միաժամանակ, Օլեքսանդրը բիզնես շահեր ունի Թուրքիայում՝ Vector Avia անունով ընկերության համասեփականատերն էր, որը Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ 27 միլիոն դոլարի պայմանագիր էր կնքել՝ զինվորական համազգեստ մատակարարելու համար:
Ավելի ուշ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական հետաքննություն էր իրականացրել ու պարզել, որ Ուկրաինա առաքված Vector Avia-ի հագուստը եղել է անորակ, բացի այդ, որ նախարարությանը դրանց համար վճարել է Թուրքիայի մաքսային հայտարարագրերում նշված գնից երեք անգամ ավելին։
Իրավապահ մարմինները որպես կասկածյալներ ներգրավվել էին Պաշտպանության նախարարության երկու պաշտոնատար անձանց՝ պնդելով, որ նրանք դավադրություն են կազմակերպել՝ պետական միջոցներից յուրացնելով 27 միլիոն դոլար:
Այնուամենայնիվ, Vector Avia-ի համասեփականատեր, պատգամավորի եղբորորդուն մեղադրանք չի առաջադրվել: Ուկրաինայի անվտանգության ծառայությունից չեն պատասխանել հարցին՝ ինչու է նա իրավապահների ուշադրությունից վրիպել։
«Ազատության» հետաքննությունը, սակայն, պարզել է, որ Օլեքսանդրը քրեական գործի հարուցումից հետո հեռացել է Ուկրաինայից և դեռևս չի վերադարձել։ Եվ սա այն դեպքում, երբ որոշ բացառություններով՝ 18-ից 60 տարեկան ուկրաինացի տղամարդկանց արգելվում է լքել Ուկրաինան՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման պատճառով։
Իշխող կուսակցության պատգամավոր Հեննադի Կասայը գրավոր է պատասխանել «Ազատության» հարցերին, պնդելով, թե իր դուստրն ու եղբորորդին չափահաս անձիք են, ովքեր ֆինանսապես անկախ են և ապրում են առանձին։
Կասայը հերքել է նաև, որ որևէ առնչություն է ունեցել իր եղբորորդու ընկերության ռազմական գնումների վերաբերյալ պայմանագրին: Միաժամանակ, այդպես էլ նա չի բացատրել՝ որտեղից են իր ընտանիքի անդամները մեկ միլիոն դոլար գտել՝ Դուբայում անշարժ գույք գնելու համար։
Ավելի վաղ «Ազատություն»-ը մեկ այլ հետաքննություն էր հրապարակել ուկրաինացի 10 բարձրաստիճան ներկա և նախկին պաշտոնյաների մասին, որոնց ընտանիքներն էլ, հանրությունից գաղտնի, թանկարժեք ունեցվածք էին ձեռք բերել Դուբայում։