Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է Ղրիմի բռնակցումից հետո «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը չընդհատելու իր որոշումը։ Այս մասին նա խոսել է Der Spiegel գերմանական թերթի հետ զրույցում, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայության Գերմանիայի թղթակիցը։
Եվրոպայի խոշորագույն տնտեսության երկարամյա նախկին ղեկավարն ընդգծել է, որ իր այդ որոշման համար եղել են տնտեսական և քաղաքական պատճառներ։
«Ես խնդիր էի դրել գերմանական տնտեսության համար էժան գազ ստանալ։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հետևանքների են հանգեցնում մեր երկրում էներգիայի բարձր գները»,- հայտարարել է նախկին կանցլերը։
«Հյուսիսային հոսք 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար։ Մերկելը կտրականապես հերքում է մեղադրանքները, թե այդ նախագծով նպաստել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորմանը։
«Ռուսաստանը պատերազմ է սկսել մինչև «Հյուսիսային հոսք 2»-ով գազի մատակարարումները։ Այսօր այլ երկրներ համալրում են Պուտինի պատերազմյան դրամարկղը։ Այդպես կլիներ նաև այն ժամանակ, եթե մենք խզեինք բոլոր արդյունաբերական կապերը»,- համոզմունք է հայտնել գերմանական կառավարության նախկին ղեկավարը։
Հարցին՝ արդյոք Բեռլինը պե՞տք է մասնակցի Մոսկվայի ու Կիեւի միջև խաղաղ բանակցություններին ուղղված դիվանագիտական նախաձեռնություններում, Մերկելը պատասխանել է․ «Երբ հարմար պահը գա, որոշումը միայն Ուկրաինան չէ , որ պետք է կայացնի։ Եթե մենք աջակցում ենք Ուկրաինային ընդհանուր շահերից ելնելով, ապա պետք է նաև միասին քայլեր ձեռնարկենք պատերազմին վերջ տալու համար»: