Միացյալ Նահանգների Սենատը երեկ մերժեց հանրապետական Թեդ Քրուզի առաջարկած օրինագիծը «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Սենատորի նախաձեռնությունը չկարողացավ հավաքել հաստատման համար անհրաժեշտ 60 ձայնը։
Քրուզի նախագիծն ամերիկյան վարչակազմից պահանջում է գազատարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում, ինչպես նաև թույլ է տալիս Կոնգրեսին քվեարկել սահմանափակումները վերականգնելու օգտին, եթե ԱՄՆ նախագահը որոշի վերացնել դրանք:
Սահմանափակումներ, ըստ օրինագծի, կարող են կիրառվել գազատարի նախագծման, կառուցման և շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների, ինչպես նաև դրանց մի շարք աշխատակիցների նկատմամբ։ Պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի արգելք, ինչպես նաև ԱՄՆ-ում ակտիվների սառեցում, և ամերիկյան քաղաքացիներին կամ ընկերություններին արգելում են բիզնես վարել «սև ցուցակում» հայտնվածների հետ:
«Հյուսիսային հոսք 2»-ը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատար է, որն արդեն կառուցված է և պատրաստ է շահագործման։ Այն գազ է հասցնելու Ռուսաստանից Գերմանիա Բալթիկ ծովի հատակով:
Օբյեկտը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է ավարտել դրա հավաստագրման ընթացակարգը: Ըստ հաղորդումների՝ դա կարող է տևել մի քանի ամիս։