Մատչելիության հղումներ

«Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը կնշանակի սպիտակ դրոշ բարձրացնել. Գերմանիայի փոխկանցլեր


Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկ, արխիվ
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկ, արխիվ

«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը միանգամայն անհնար է՝ դա կնշանակի սպիտակ դրոշ բարձրացնել։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը, պնդելով՝ Եվրոպան չի կարող թույլ տալ, որ իր կախվածությունը ռուսական գազից մեծանա։

Անցած օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր գործարկել «Հյուսիսային հոսք 2»-ը, ինչը, Կրեմլի ղեկավարի համոզմամբ, կնպաստի Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի լուծմանը։

Գերմանիայի փոխկանցլերի խոսքով՝ Բեռլինը «Հյուսիսային հոսք 1»-ի աշխատանքի վերսկսումը հուսալի չի համարում, քանի որ, ինչպես շեշտել է Հաբեկը, Պուտինը բազմիցս օգտագործել է գազի մատակարարումները որպես գործիք, ուստի պետք է այլընտրանք գտնել ռուսական էներգետիկ ռեսուրսներին։

Նախօրեին ռուսական «Գազպրոմ»-ը վերսկսել է «Հյուսիսային հոսք» գազատարով Գերմանիա գազի մատակարարումները, որոնք դադարեցվել էին հուլիսի 11-ին՝ տեխնիկական սպասարկման ամենամյա աշխատանքների պատճառով։ Եվրամիությունում մտավախություն ունեին, որ Մոսկվան չի վերսկսի մատակարարումները՝ որպես պայման պահանջելով չեղարկել պատժամիջոցները։

XS
SM
MD
LG