Մատչելիության հղումներ

Իսրայելն արդեն «բազմաճակատ պատերազմի» մեջ է Իրանի հետ․ Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելն արդեն «բազմաճակատ պատերազմի» մեջ է Իրանի և իր աջակիցների հետ։

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղել են դեպի Իսրայելը և սպառնացել պատասխան գործողություններով:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը հայտարարել է, որ նոր առաջնորդի ընտրության քննարկումներն արդեն ընթացքի մեջ են:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին էլ զրուցել է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ և վերահաստատել «ԱՄՆ-ի երկաթյա աջակցությունը» Իրանի կողմից պատասխան հարձակման դեպքում։

Պենտագոնի հաղորդմամբ, Օսթինը նաև աջակցություն է հայտնել Գազայի պատերազմում հրադադարի հաստատմանն ու պատանդներին ազատ արձակելու համաձայնությանը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG