Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկի՝ Ամուլսարի հանքի շահագործումը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական առումով է չափազանց ռիսկային, պնդում են մասնագետները։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ որևէ երաշխիք չկա, որ այժմ էլ Ամուլսարի հանքավայրն Ադրբեջանի զինուժի թիրախում չի հայտնվի. այն հայ-ադրբեջանական սահմանից մոտ 15 կմ է հեռու։
Պարսյանը հիշեցնում է՝ Երասխի մետաղաձուլական գործարանը, որն ադրբեջանական կողմի տևական կրակոցներից հետո տեղափոխվեց մեկ այլ՝ ոչ սահմանամերձ համայնք։
«Լիդիան Արմենիա» ընկերությունից անցած շաբաթ հայտարարեցին, որ հանքը նախատեսում են շահագործել այս տարվա աշնանից։
«Կստացվի, որ պետությունը երաշխավորում է մի ներդրումային նախագիծ, որը գտնվում է սահմանին շատ մոտ՝ անվտանգային սպառնալիքի ներքո, և կստացվի, որ էդ ներդրումները կարող են մի քանի ռազմական որևէ գործողության հետևանքով փոշիանալ։ Այդ վտանգը կա, և այդ վտանգի համար պատասխանատուն, անշուշտ, կառավարությունն է դառնալու», - ասաց Պարսյանը։
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը կարևոր համարեց, որ նաև պետությունը կիսի պատասխանատվությունը մեծ ընկերության հետ։
Հայաստանի կառավարությունն արդեն պաշտոնապես Ամուլսարի ներդրումային ծրագրի բաժնետերերից մեկն է։ Անցած շաբաթ հանքարդյունաբերական ընկերությունն իր 12.5 տոկոս բաժնեմասերը նվիրեց գործադիրին։ Չնայած դրան, «Լիդիանը» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 250 միլիոն դոլարից 150 միլիոնը դեռ չունի։ Ընկերությունն այդ մասը փորձում է հայաստանյան բանկերից ներգրավել։ Դեռ պարզ չէ՝ արդյոք տեղական բանկերը պատրաստ են նման խոշոր գումար տրամադրել։ Համենայն դեպս, դրամատների հետ բանակցություններն ընկերությունը նախատեսում է այս ամիս ավարտել։
«Հայաստանյան բանկերը, որոնք պետք է 150 մլն դոլարի չափով վարկավորում անեին, պատրաստ չեն այսպիսի ռիսկային նախագծի մեջ մեծ գումարներ ներդնել, եթե չկա համապատասխան երաշխիք։ Իմ կարծիքով՝ երաշխավոր է դառնալու Հայաստանի կառավարությունը, եթե բանկերը համաձայնեն տալ վարկ, ապա դա կտան Հայաստանի կառավարության երաշխավորության պայմաններում», - ասաց տնտեսագետը։
Հայաստայան բանկերի փոխարեն խոշոր ներդրման մի մասը՝ 100 միլիոն դոլարը նախատեսվում էր, որ Եվրասիական զարգացման բանկը պետք է ապահովեր։ «Լիդիանը» բանկի հետ անգամ հուշագիր էր կնքել, բայց տարեվերջին ընկերության գործադիր տնօրենը հայտնեց՝ հրաժարվել են վարկից՝ պնդելով, թե ֆինասնավորման ժամկետներն էին պատճառը։
«Աշխատանքը չավարտվեց, քանի որ պարզվեց, որ ֆինանսավորման ժամկետները երկար են և մենք էդ գործընթացը կասեցրեցինք», - ասաց Ալոյանը։
«Լիդիանը» Եվրասիական զարգացման բանկի խոշոր ֆինանսավորման հնարավորություն հրաժարվեց նույն այն ընթացքում, երբ բանկը ուսումնասիրություններ էր սկսել ընկերությունում։
Իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել՝ հանքարդյունաբերական ընկերությունը հրաժարվել է ներդրումից, քանի որ մտավախություն են ունեցել անցկացվող ուսումնասիրությունների արդյունքներից։ Դրանք ավարտին չէին հասել հենց ֆինասնավորումից հրաժարվելու պատճառով։
«Կարող է հասկացել են, որ ռիսկերը պետք է բացահայտվի, բոլոր դեպքերում, եթե ռեալ գումար տվող լիներ, իրենք չէին հրաժարվի», - ասաց Վարդանյանը։
Նազելի Վարդանյանը ևս ծրագիրը ռիսակային է համարում պետության համար։ Նա պատահական չի համարում, որ «Լիդիանը» իր 12.5 տոկոսը բաժնեմասերը նվիրեց պետությանը։
«Սա նենց պատմություն է, որ իրենց բոլոր պարտականությունները գցեն պետության վրա, իրենք էլ թողնեն գնան, մի հատ էլ, որ երաշխիքներ տան բանկային, էդ կլինի, որ մեր բյուջեով իրենց բաները մենք պետք է փակենք», - ասաց իրավաբանը։
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ տարիներ շարունակ բնապահպաններին են բողոքում՝ ահազանգելով, որ այն լուրջ բնապահպանական վնասներ կհասցնի հարակից համայնքներին։
Նրանք հանքի շահագործումը կանխելու համար 2018-ին հանքավայր տանող ճանապարհներն էին փակել՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքերը։ Այս ամենից հետո կառավարությունը մոտ կես միլիոն դոլարով միջազգային ուսումնասիրություն պատվիրեց՝ գնահատելու հանքավայրի ռիսկերը։
Միջազգային փորձագետները հաստատեցին, որ չեն կարող Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ համարել։ Ուսումնասիրություն արած «Էլարդ» ընկերության փորձագետները «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը թերի, ոչ ամբողջական ու անվստահելի էին համարել։ Մինչդեռ «Լիդանից» վստահեցնում են՝ բարձր չափանիշներով պատասխանատու արդյունահանում են իրականացնելու:
«Բազմաթիվ աուդիտ ու փորձաքննություն է անցել, չունենք բացասական որոշումներ կամ հաշվետվություններ, որոնք ցույց են տալիս, որ ծրագիրն ունի ռիսկեր, որոնք կառավարելի չեն», - ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը։
Կառավարությունը ևս համարում է, որ հանքին առնչվող ռիսկերը կառավարելի են։ Անցած շաբաթ էկոնոիմիակայի նախարարը հայտնել էր, որ դա գործադիրի կողմից պատվիրված աուդիտն է հաստատել։
«Սա մի մեգապրոյեկտ է, որին բոլորը հավատում են և սա հաջողված պրոյեկտ է լինելու», - ասել է Գևորգ Պապոյանը։
Սուրեն Պարսյանը «Լիդիանի» ծրագրում մասնաբաժին ունեցող կառավարության գործելակերպում որոշակի շտապողականություն է նկատում, ասում է՝ պետությունը շահագրգրված է հանքի շահագործմամբ՝ չբացառելով, որ դա արվում է այս տարվա համար նախանշված տնտեսական ցուցանիշն ապահովելու համար։
«Իրենց կողմից նախանշած 5,6 տոկոս տնտեսական աճը հնարավոր է ապահովել, եթե Ամուլսարի ծրագիրը իրագործարկվի, հակառակ պարագայում բավականին լուրջ խնդիրներ են ունենալու տնտեսական ցուցանիշների ապահովման հարցում», - ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Լիդիանում» հաշվել են, թե տարեկան մոտ 120 միլիոն դոլարի հարկ են վճարելու։ Վստահեցնում են, թե Վայոց Ձորում ու Սյունիքում էլ տնտեսական ակտիվութունը կավելանա։
Հանքը նախատեսում են շահագործել մինչև 12 տարի, բայց գործադիր տնօրենը նախորդ շաբաթ չբացառեց՝ հնարավոր է և կրկնակի երկար շահագործեն։