Մատչելիության հղումներ

Կառավարության նիստի օրակարգի հարցերից 3-ը՝ զեկուցվող, 39-ը՝ չզեկուցվող. չզեկուցվողների թվում էին նաև ԱՆԻՖ-ը և «Լիդիան»-ը


Կառավարության նիստում այսօր միայն 3 զեկուցվող հարց կար՝ օրակարգում ընդգրկված 42-ից, մյուսները, առանց քննարկման, փաթեթով ընդունվեցին:

Զեկուցվող երեք հարցերը՝ կրթական, մշակութային ու գյուղատնտեսական բնույթի՝ կառավարությունը քննարկեց մեկ ժամ տասը րոպե: Նախարարներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ու շատ մանրամասն՝ ելույթ ունեցան, որ դպրոցների շենքերը պետք է լինեն գունեղ, էսթետիկ, ցանկապատները չպետք է ժանգոտ լինեն:

Իսկ նորոգվող դպրոցներում ցանկալի է հին գույք չլինի. - «60 տարվա գույքը պետք չի բերել նորակառույց դպրոցում օգտագործել»:

Ուրախալի լուր հայտնեցին՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի դասագրքերը ժամանակին կհասնեն դպրոց:

Վարչապետը երկար խոսեց գյուղատնտեսական տեխնիկայից, պնդեց, որ աջակցման ծրագրերի չափանիշները պետք է այնպիսին լինեն, որ այդ ծրագրերից օգտվելը ձեռնտու լինի, քննարկեցին նաև շարժական սպանդանոցների անհրաժեշտությունը:

Վերջում հասան պատմական հուշարձանների վերականգնմանը, Վերականգնել, թե՝ ոչ, հուշարձանները հարցի մասին կարծիք հայտնեցին անգամ ֆինանսների ու արտաքին գործերի նախարարները:

Եթե այս երեք հարցի վրա կառավարությունը մեկ ժամից ավելի քննարկում ծավալեց, ապա չզեկուցվող 39 հարցերի տրցակում՝ երկու շատ կարևոր որոշման մասին ոչ մի բառ չասվեց:

3-րդ անգամ հետաձգվում է՝ «Լիդիան Արմենիա»-ի կողմից 12.5 տոկոսի բաժնեմասի նվիրատվությունը կառավարությանը

Հարցերից մեկով՝ արդեն երրորդ անգամ հետաձգվում է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից 12.5 տոկոսի բաժնեմասի նվիրատվությունը կառավարությանը: Փաստացի նաև այս գործարքից է կախված ոսկու հանքավայրի շահագործումը: Նվիրատվությունը դեռ գարնանը պիտի կայանար, բայց հետաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը: Այսօր էլ կառավարությունը նոր վերջնաժամկետ դրեց՝ մինչև նոյեմբեր:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին կառավարության նիստից հետո հարցրեցինք՝ ինչո՞ւ է գործարքն անընդհատ հետաձգվում: Նախարարն ասում է՝ վարկային միջոցներ ներգրավվելու հետ կապված հարցեր կան:

«Ընկերությունը պատրաստակամ է, մենք ենք առաջարկել, որ ֆինանսավորման հետ կապված հարց իրենք ունեն, այդ հարցը լուծեն նոր այդ գործընթացը կանենք: Ընդհանուր մոտավորապես 150 միլիոն դոլարի մասին է և 100 էլ ընկերությունն է լրացուցիչ ներդնելու, բայց ընկերությունը մինչև այս էլ այնտեղ մեծ ներդրումներ արդեն իսկ արել է», - ասաց Պապոյանը:

ԱՆԻՖ-ը վերջնականապես լուծարելու, գույքն ու բաժնեմասերը պետությանը նվիրելու մասին

Երկրորդ հարցը, որի մասին բառ անգամ չարտաբերվեց կառավարության նիստում, սկանդալների մեջ հայտնված ԱՆԻՖ-ը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերությունը վերջնականապես լուծարելու, գույքն ու բաժնեմասերը պետությանը նվիրելու մասին էր: Ֆոնդը ստեղծվել էր 5 տարի առաջ՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու, արտահանման աճը խթանելու համար:

ԱՆԻՖ-ի խոշոր նախագծերից մեկը՝ Аir Arabia-ի հետ ստեղծած Fly Arna ավիաընկերությունը, սակայն, միայն մեկուկես տարի գործեց. Կառավարությունից խոստովանեցին՝ ծրագիրը ձախողվել է: Ավելին, Аir Arabia-ն մտադիր է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ։

ԱՆԻՖ-ի մյուս խոշոր նախագիծը՝ արաբական «Մասդար» ընկերության հետ արևային էլեկտրակայանների կառուցումն էր Թալինի դաշտերում: Ըստ ծրագրի՝ կառուցումը պիտի արդեն ընթանար, բայց այդ նախագիծն էլ չի սկսվել՝ երկու նախարարություն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածներինն ու Էկոնոմիկայինը՝ մինչ օրս այն իրար մեջ էին փորձում բաժանել: Այսօր, հրապարակավ չքննարկված որոշմամբ, կառավարությունը այն հանձնեց Էկոնոմիկայի նախարարությանը, որի ղեկավար Գևորգ Պապոյանը հիմա նախագծի մեկնարկի նոր ժամկետ է նշում՝ սեպտեմբեր:

«ԱՆԻՖ-ի մեջ կան բավականին առողջ ակտիվներ, այդ թվում նաև «Մասդար»-ի մասը, բնականաբար, դա մենք դուրս ենք բերել, Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է այդ գործընթացը, և ես կարծում եմ, որ մենք շատ շուտով արաբական գործընկերների հետ, իմ պատկերացմամբ, հենց դա կանենք Թալինում, այն դաշտում, որտեղ որ այդ արևային կայանը պետք է կառուցվի, կստորագրենք պայմանագիրը և այդ օրվանից կսկսվի շինարարությունը, - ասաց Պապոյանը՝ նշելով, - պայմանավորվում ենք հիմա գործընկերների հետ, եթե իրենց հարմար լինի սեպտեմբերի մեջ էլ կգան»:

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններն ԱՆԻՖ-ում այս տարվա սկզբին ցույց էին տվել, որ ֆոնդը պետությունից ստացած մոտ հինգ միլիարդ դրամն արդյունավետ չի օգտագործել, մասնավորապես, ղեկավարը կազմը զգալի պարգևավճարներ է ստացել, չնայած առաջադրված խնդիրները չի կատարել։

2023-ի գարնանը նաև Արժույթի միջազգային հիմնադրամն էր ԱՆԻՖ-ի հետ կապված խնդիրներ արձանագրել հաշվետվողականության, թափանցիկության ու անսահմանափակ մանդատի հետ կապված։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG