Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կարող է երկարաձգվել երկու տարով


ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Կալասն առաջարկել է երկարաձգել դիտորդական առաքելության տեղակայումը

Ադրբեջանական վերջին օրերի սպառնալիքների և հնարավոր ռազմական գործողությունների կանխատեսումների ֆոնին՝ այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։

«Ազատությանը» ԵՄ արտգործնախարարի գրասենյակից այսօր հայտնել են. «Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին»։

ԵՄ դիտորդները Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ին։ Առաքելության ժամկետը լրանում է այս փետրվարին։ Բաքուն տևական ժամանակ նրանց մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ՝ պահանջելով Երևանից դադարեցնել դիտորդների գործունեությունը սահմանին:

Ի պատասխան Ադրբեջանի այդ մեղադրանքներին՝ Բարձր ներկայացուցչի գրասենյակից նշել են. «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։

«Մենք խոսում ենք ենք տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման շուրջ մեր հավատարմության մասին»

Բաքվից վերջին օրերին հնչող սպառնալիքների ֆոնին արդյո՞ք ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը ինչ-որ կերպ կկանխի Ադրբեջանի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա։ «Ազատությունը» հարցն այսօր ուղղեց Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին, որ այսօր խորհրդարան էր եկել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ միասին:

«Դուք գիտեք, որ դիտորդական առաքելությունը շատ հստակ մանդատ ունի՝ դիտարկել սահմանը, որպեսզի Հայաստանի հանրությունը տեղյակ լինի իրավիճակին, և մենք հավատարիմ ենք դրան։ Մենք սպասում էինք, որ դա տեղի կունենա, բայց դիտորդական առաքելությունը երկարաձգելու որոշումը դեռ չի կայացվել։ Պետք է սպասենք», - ասաց նա։

Ադրբեջանի նախագահի Հայաստանին ուղղված սպառնալիքներից հետո մեծացել են էսկալացիայի կանխատեսումները, որքանո՞վ են մեծ ռիսկերը այս առումով, Մարագոսն ասաց. - «Ես այստեղ եմ ԵՄ հատուկ ներկայացուցիչ տիկին Գրոնոյի հետ, ու մենք քննարկել ենք այս հարցը Հայաստանի իշխանությունների հետ։ Մենք խոսում ենք ենք տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման շուրջ մեր հավատարմության մասին»։

Բաքվի հռետորաբանության պայմաններում սահմանին մոտ 200 եվրոպացի դիտորդների ներկայությունը օրերս կարևոր գործոն էր համարել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, պնդելով՝ Երևանը շարունակելու է այդ առաքելության կարիքն ունենալ, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի հետ չունի սահմանազատված սահմաններ, և քանի դեռ Բաքուն շարունակում է հրադադարի խախտման մասին շինծու մեղադրանքներ ներկայացնել Երևանին։

Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան

Իսկ ինչպե՞ս են Բրյուսելում գնահատում Հայաստանի կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը խորհրդարանում, 10 հունվարի, 2025թ.
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը խորհրդարանում, 10 հունվարի, 2025թ.

«Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին և պատրաստվում ենք ուսումնասիրել այն։ Ինչպես գիտեք, մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ և աշխատում ենք խորացնել այդ հարաբերությունները: Մենք ունենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը (խմբ. այդ ծրագրով 270 միլիոն եվրո պետք է հատկացվի Հայաստանին), և մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ, այն բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԵՄ- Հայաստան հարաբերություններին, որոնք ընթանում են դրական ուղղությամբ», - ասաց դեսպանը։

Արդյոք Հայաստանն իսկապես Եվրամիությանը անդամակցելու հնարավորություն ունի՞, Բրյուսելի դիվանագիտական ներկայացուցիչն ասաց՝ ամեն երկիր ինքն է այդ որոշումը կայացնում։ Վասիլիս Մարագոսի խոսքով՝ կան ԵՄ պայմանագրի դրույթներ, որոնք բացատրում են, թե ինչպես պետք է անդամակցությունը տեղի ունենա։ Բայց արդյոք Եվրամիությունը սպասո՞ւմ է Հայաստանին իր ակումբում, Մարագոսը պատասխանեց. - «Եվրամիությունը խիստ հավատարիմ է Հայաստանի հետ իր հարաբերությունները խորացնելու հանձնառությանը։ Ինչպես գիտեք մենք բանակցում ենք գործընկերության նոր օրակարգի շուրջ։ Ինչպես նաև մենք հայտարարել ենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, որի իրականցման փուլում ենք»։

Հայաստանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը

Հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին, տարածաշրջանային այցով Հարավային Կովկասի երկրներ է ժամանել Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։ Բաքվից Երևան ժամանած Մագդալենա Գրոնոն երեկ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հիշեցրել էր Եվրոպական խորհրդարանում իր 2023 թվականի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։

Փաշինյանը նաև տեղեկացրել է կառավարության հավանությանը արժանացած Հայաստանի ԵՄ անդամակցության օրինագծի մասին։

Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը այդ նույն օրինագծին է անդրադարձել նաև Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, թե կառավարության դրական եզրակացությունը համահունչ է փոխգործակցության խորացման դինամիկային և Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG