Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրին ծանոթանալու հարցով դատական առաջին նիստը հետաձգվեց


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ընդդեմ Կառավարության և Արտգործնախարարության գործով դատական առաջին նիստը հետաձգվեց։

Ընդդիմադիր պատգամավորների ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը, պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան հանգամանքը մատնանշելով, միջնորդեց այն հետաձգել։ Դատավորը բավարարեց միջնորդությունը՝ հաշվի առնելով նաև այն, որ ոչ բոլոր պատգամավորներն էին պատշաճ ծանուցված։

Ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը դատարանի միջոցով են փորձում հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծին ծանոթանալու հնարավորությունը վերականգնել: Նրանք դատական հայց են ներկայացրել, պահանջում են ոչ իրավաչափ համարել նախարար Միրզոյանի նախորդ տարվա մարտի գրությունը։ Հենց այդ գրությամբ է ընդդիմադիրներին արգելվել ծանոթանալ բանակցվող փաստաթղթին։ Ակնկալում են, որ դատարանն այդ որոշումը չեղարկի:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 4-ին։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի որոշում՝ ԱԺ պատգամավորը ինչ-որ բանի պետք է ծանոթանա, թե ոչ, դրա համար կա ընթացակարգ, պետական գաղտնիք, հասանելիության թույլտվություն, որը պատգամավորներն ունեն։ Միակ հարցը, որը կարող է առաջանալ պետական գաղտնիքի հրապարակման հետ, ինչի տեղի չի ունեցել այս դեպքում, եթե պետական գաղտնիք հրապարակվում է, դրա համար ՀՀ օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նշանակված»։

«Հույժ գաղտնի» նշումով փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն «Հայաստան» խմբակցության անդամներին ընձեռվել էր 2023-ի։ դեկտեմբերին, այն էլ, ինչպես իրենք են ասում՝ երկար պնդումներից հետո: Դրա բովանդակությունը պատգամավորները թեև չէին բացահայտել, բայց և շեշտել էին՝ այն չի բխում Հայաստանի շահերից:

Այս հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց արգելեց ծանոթանալ փոխանակվող տեքստին։ Ավելի ուշ ընդդիմադիրներին մերժեց Արտգործնախարարությունը՝ պատճառաբանելով, թե դա անում են բանակցային գործընթացը չխաթարելու համար:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG