Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ Արտաքին գործերի նախարարությունից առայժմ չեն հստակեցնում՝ Երևանը Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ-ին դիմելու է մինչ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, թե դրանից հետո: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ ավելի քան երեք տասնամյակ զբաղված Մինսկի խմբի լուծարման պայման Ադրբեջանն է ներկայացնում:
«Խաղաղությունը երբ որ կայացած փաստ է, էդ ձևաչափի գոյությունը կարծում եմ, իրոք, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է, որովհետև իմ տրամաբանությամբ ընդհանրապես որևէ գործում պետք չի կառքը ձիուց առաջ դնել ու հարց է, թե արդյոք արդյունավետ է ու ճիշտ ճանապարհ է այդ թեման քննարկման առարկա դարձնել հիմա», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եթե վարչապետը երեք ամիս առաջ ճիշտ չէր համարում առանց խաղաղության պայմանագրի ստորագրման խոսել Մինսկի խմբի լուծարումից, արդեն 3-4 օր է՝ հարցը քննարկվում է հենց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Դրանից առաջ Իլհամ Ալիևն էր հիշեցրել իր նախապայմանները. - «Առանց Մինսկի լուծարման, առանց Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է: Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ուրեմն մենք էլ դրա կարիքը չունենք»:
Հնարավո՞ր է Երևանը պայմանագրի կնքման խոչընդոտներից մեկը վերացնելու համար ի վերջո համաձայնի լուծարել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից կազմված եռանախագահությունը, իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարցին ուղիղ չի պատասխանում։
«Ես կարծում եմ, որ մեր կամայական որոշում ըստ իրավիճակի է, բնականաբար, և ըստ պետության շահի է որոշումը կայացվում, հետևաբար էս պահին որևէ հստակություն չկա: Այստեղ շատ կարևոր է տեսանկյունը՝ մենք ինչպես ենք նայում խաղաղության կառուցման գործընթացին: Հետևաբար որևէ նախապայման կամ ոչ նախապայման դիտարկելիս մենք ընդհանուր առմամբ ելնում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահից, հիմա ինչ ձևակերպում ենք տալիս այդտեղ, կարծում եմ, նման ձևակերպումներից արժի խուսափել», - նշեց Վարդանյանը:
Ըստ ԱԺ ընդդիմության՝ ՄԽ-ի լուծարումը կլինի ադրբեջանական հերթական պահանջի բավարարում
Մինսկի խմբի լուծարումը կլինի ադրբեջանական հերթական պահանջի բավարարում, կարծում է խորհրդարանական ընդդիմությունը: Պատգամավոր Արթուր Խաչատրյանը, չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանն այդ քայլին գնա նախքան հայ - ադրբեջանական խաղաղության փաստաթղթի ստորագրումը:
«Ադրբեջանը հրամայել է, զանգել է, սրանք էլ գլուխը կախ ասել են՝ դե մի բան կանենք: Ինքը, իհարկե, մի քիչ այլ ձևի դա կներկայացնի, կասի՝ խաղաղություն է, էլ ինչ կոնֆլիկտ, Մինսկի խումբն էլ մեզ պետք չի, բայց չեմ բացառում, որ ասի՝ դե հիմա մոտեցել ենք, եթե էդ մի փոքր բանն է մեզ խանգարում, իհարկե, գնանք դրան», - ասաց Խաչատրյանը:
1992 թվականին ստեղծված Մինսկի խումբը միակ ձևաչափն էր, որ զբաղվում էր Արցախի խնդրով: Անգամ 44-օրյա պատերազմից հետո, երբ նախագահ Ալիևը պնդում էր, թե հակամարտությունը լուծված է և Մինսկի խմբին թոշակի է ուղարկել, համանախագահները համատեղ հայտարարությամբ վերահաստատում էին իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծման հարցում:
«Խումբը ստեղծվել է ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար, խումբը ստեղծվել է արցախյան հակամարտության հարթակ հանդիսանալու համար, և դա ՛ոչ Նիլոն Փաշինյանի, ո՛չ իր կիրթ ու կառուցողական գործընկեր Իլհամ Ալիևի ցանկությամբ պայմանավորված չէ: Եթե Փաշինյանն ասում է՝ իրական Հայաստանը Ղարաբաղի հետ կապ չունի, ի՞նչ գործ ունի, ինչի՞ է քիթը խոթում էն հարցերին, որ վերաբերում են Արցախին», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահները դադարեցրել են համագործակցությունը: Արցախն էլ ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Չնայած սրան՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ ինչ-որ փուլում եռանախագահները նստեն մի սեղանի շուրջ։
«90 թվին ոչ ոք չգիտեր, որ 91 թվին Սովետը քանդվելու է, որևէ մեկս չի կարող ասել՝ վաղը աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպիսին է լինելու: Ինչի՞ ես քանդում, որովհետև Ադրբեջանն է պահանջում, էդքան խելոք էիր, ասում էիր օգուտ չկար, Ադրբեջանից կես ժամ առաջ էդ առաջարկը ներկայացնեիր», - ասաց Խաչատրյանը:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի լիակատար վերահսկողությունից հետո Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական օրակարգում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքի հարց չկա: Այսօր էլ իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը վերահաստատեց՝ իշխանության գլխավոր խնդիրը խաղաղության պայմանագրի ստորագրումն է: