Հունվարի 6-ից 8-ը ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին Սյունիքի հատվածում՝ Գորիսի տարածաշրջանում։
Առաքելությունը նշում է, որ բոլոր պարեկներն արձանագրել են՝ իրավիճակը հանգիստ է եղել, արտառոց շարժեր չեն նկատվել։
ԵՄ առաքելության այս հայտարարությունը հնչում է Բաքվի պնդումների ֆոնին, թե Հայաստանը երկու անգամ խախտել է հրադադարը Լաչինի ուղղությամբ․ հունվարի 6-ին Բաքուն հաղորդեց, թե հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Լաչինի դիրքերի ուղղությամբ, ապա ժամեր անց երկրորդ հաղորդագրությունը տարածեց, նշելով, թե հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հրադադարը խախտելու մասին Ադրբեջանի երկու պնդումներն էլ՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։
Հայաստանի ՊՆ-ն հիշեցրել է, որ Երևանն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։