Մատչելիության հղումներ

Չորրորդ օրն է Կուրսկում մարտերը շարունակվում են, մարզում արտակարգ դրություն է հայտարարվել


Սուջա քաղաքը հրետակոծությունից հետո, 7-ը օգոստոսի, 2024թ․
Սուջա քաղաքը հրետակոծությունից հետո, 7-ը օգոստոսի, 2024թ․

Ռուսաստանն արտակարգ դրություն է հայտարարել և հավելյալ զրահատեխնիկա ու զինուժ կուտակել Կուրսկի մարզում, որտեղ արդեն չորրորդ օրն է՝ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում։

Չնայած Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ պնդել էր, թե ուկրաինական ներթափանցումը կասեցվել է, այսօր պաշտոնական աղբյուրները ստիպված էին հաստատել՝ ռազմական գործողությունները հասել են Կուրչատով քաղաքի մերձակայք, որտեղ Կուրսկի ատոմակայանն է տեղակայված։

«Ծանր մարտեր են մի քանի տասնյակ կմ հեռավորությամբ», - հաղորդել է Կուրչատովի քաղաքապետը։

Սուջայում ևս «իրավիճակը ծանր է»

«Հարևան Սուջայի շրջանում ևս ծանր իրավիճակ է, երեխաներին դուրս են բերել, քաղաքում հիմնականում տարեցներ են մնացել», - այսօր ասել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգաչովը։

Կուրսի նահանգապետի խոսքով էլ, տարհանման համար ստիպված են եղել ռուսական երկաթուղիների աջակցությունը խնդրել․ - «Ռուսական երկաթուղիների հետ պայմանավորվել ենք, երեք գնացք է եկել, որ լրացուցիչ 2 հազար 400 մարդ տեղավորենք։ Ռուսաստանի բոլոր մարզերի ղեկավարներն արձագանքել են և պատրաստ են ապաստարան տալ տեղահանվածներին, ուստի մենք կտարհանենք մարդկանց Կուրսկի մարզից՝ և՛ ավտոբուսներով, և՛ երկաթուղով»։

«Հակառակորդը պետք է պատասխան տա հարձակման համար»․ Զելենսկի

Ուկրաինան դեռ պաշտոնապես չի խոսել այս անսպասելի ու աննախադեպ հարձակման մասին։ Ռազմական գործողությունների մեկնարկից երեք օր անց՝ երեկ երեկոյան, Ուկրաինայի նախագահը միայն պնդել է՝ հակառակորդը պետք է պատասխան տա իր երկրի վրա հարձակման համար։

«Ռուսաստանը պատերազմը բերեց մեր երկիր և պետք է զգա, թե ինչ է արել։ Մենք ձգտում ենք հասնել մեր նպատակներին որքան հնարավոր է շուտ և արդար խաղաղության պայմաններով: Եվ դա տեղի կունենա», - ասել է Զելենսկին։

Այս պահի դրությամբ Կիևը հաստատել է միայն, որ անցած գիշեր անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լիպեցկի մարզի ռազմական օդանավակայանին, որտեղ տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ են եղել կայանված, մեծ հրդեհ է բռնկվել։ Ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների՝ խոցվել են կառավարվող օդային ռումբերով պահեստներ և մի շարք այլ օբյեկտներ։

Մարտական գործողությունների մասին հստակ տվյալներ այս պահին չկան․ ռուսական կողմը փաստացի հաստատել է, որ ուկրաինական զորքերը գտնվում են շուրջ հինգ հազար բնակչություն ունեցող Սուջա քաղաքի մատույցներում։

«Ազատության» Currenttime ծրագիրը զրուցել է մի երիտասարդ կնոջ հետ, ում հարազատներն ապրում են հարձակման ենթարկված մարզում։ Նրանք հեը, ըստ աղջկա մի քանի օր է կապ չկա։

Ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների՝ սահմանը հատել են առնվազն 1000 ուկրաինացի զինվորներ՝ տանկերի և զրահատեխնիկայի ուղեկցությամբ, ինչը 2022-ի ռուսական պատերազմից ի վեր Ուկրաինայի ամենախոշոր հարձակումն է ռուսական տարածքի վրա։

Նախագահ Զելենսկու խորհրդականներից մեկն, անանուն մնալու պայմանով, The Washington Post-ին ասել է, թե ուկրաինական ուժերը 100 քառակուսի կմ են գրավել Կուրսկի շրջանում։ Մոսկվան այս պնդումները չի մեկնաբանում, սակայն Reuters-ն այսօր հաստատել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից մեկի իսկությունը, որտեղ պատկերված է հարձակման ենթարկված ռուսական բեռնատարների շարասյունը Կուրսկի մարզի մայրուղու երկայնքով։

Տեսանյութում երևում է մոտ 15 բեռնատար, այդ թվում՝մեկը Z տառով, որ Ռուսաստանն օգտագործում է որպես Ուկրաինայի դեմ իր պատերազմի խորհրդանիշ։ Reuters-ին հաջողվել է ճշտել, որ տեսանյութը նկարահանվել է Կուրսկի մարզում, բայց թե կոնկրետ երբ, հստակ չէ։

Ռուսական կողմը կրկին հարձակման է ենթարկել Ուկրաինայի տարածքը

Ռուսական կողմն էլ այսօր հարձակման է ենթարկել Ուկրաինայի տարածքը, թիրախում է եղել Կոնստանտինովկայի խանութներից մեկը, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 24 մարդ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ «Ազատության» թղթակիցը տեղում է արձանագրել իրավիճակը։

«Հրթիռը հարվածեց մուտքին, միանգամից կրակ բռնկվեց, բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակվեցին, ներսում 17 աշխատակից կար, հաճախորդների մասին էլ չասեմ», - հաղորդել է նա տեղից։

Ռուսական կողմն այսօր հաղորդեց, թե ևս մեկ բնակավայր է գրավել Ուկրաինայի արևելքում՝ Պոկրովսկի ուղղությամբ ընկած Վեսելոե գյուղը, որը ռազմավարական նշանակություն ունի տրանսպորտային հաղորդակցության համար։ Փաստացի ռուսական զորքերը մոտենում են Դոնբասի գլխավոր մայրուղիներից մեկին, որի գրավումը կվտանգի ուկրաինական մատակարարումների ուղիներն ամբողջ ռազմաճակատի երկայնքով։

Այս ֆոնին դեպի Կուրսկ ուկրաինական ուժերի ներխուժման հեռանկարը, ըստ ռազմական վերլուծաբաններից շատերի, մնում է անորոշ։ Ուկրաինայի ներսում էլ փորձագետներից շատերն են փաստում, որ փորձառու գումարտակը ստիպված էր շեղել ուշադրությունը և ռազմաճակատի փոխարեն կենտրոնանալ Կուրսկում շարունակվող ռազմական գործողությունների վրա, այն դեպքում, երբ ուկրաինացի հրամանատարներն իրենց տրամադրության տակ չունեն մարդկային կամ զինտեխնիկայի մեծ ռեզերվներ՝ Դոնբասում ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG