Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական համակարգ. ինչ են քննարկել պետքարտուղարի տեղակալն ու քաղհասարակության անդամները


Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան այսօր Երևանում հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ, քննարկել Վաշինգտոնի աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության առաջ մղման հարցերում՝ ըստ պաշտոնական հաղորդագրության։

Թեև հանդիպումը փակ է անցել, բայց դրանց մասնակցած մարդկանց խոսքով՝ օրակարգում հենց այդ հարցերն են եղել։

«Հիմնականում խոսակցությունը գնացել է այն մասին, թե կոռուպցիայի դեմ պայքարն ինչ փուլում է, ինչպես է ընթանում, և մենք ներկայացրել ենք մի շարք խնդիրներ, որոնք կան Հայաստանում», - ասաց մասնակիցներից Դանիել Իոաննիսյանը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում է հուլիսի 13-ից, շաբաթ օրը նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ քննարկվել են «հայ-ամերիկյան խորացող հարաբերությունները, այդ թվում՝ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը»։

«Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների և անկախ դատական համակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության առաջ մղման հարցերում», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Կառավարության հաղորդագրության համաձայն ևս՝ քննարկման առանցքային թեման Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն է եղել, սակայն նշվում է, որ «անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին»։

Քաղհասարկության ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր քաղաքական, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններին վերաբերող հարցեր չեն քննարկվել, ինչպես հայտնում է դրան ներկա գտնված Դանիել Իոաննիսյանը, պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան լսել է ներկաներին։

«Մենք քաղհասարակության ներկայացուցիչներով բարձրացրել ենք այն խնդիրները, որոնք մենք հիմնականում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարի, դատական և ոստիկանական համակարգի ոլորտում, խոսել ենք նաև դատաիրավական համակարգի շատ ցածր արդյունավետության մասին, խոսել ենք դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին», - նշեց Իոաննիսյանը։

Ազրա Զեյայից բացի, վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հայաստան են եկել նաև ԱՄՆ պետքարտուղարի ևս 2 տեղակալ՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը։ Անցյալ շաբաթ Հայաստանում էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը, իսկ նրանից առաջ Երևան էր ժամանել ԱՄՆ կոնգրեսական, երկկուսակցական պատվիրակությունը։

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը

Ինչո՞վ է պայմանավորված Միացյալ Նահանգների այս հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ առաջին պլանում հայ-ադրբեջանական հարաբերություններն են։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում Միացյալ Նահանգներն արտահայտում է բաց շահագրգռություն, և այս համատեքստում փորձ է արվում պարզապես Հայաստանին նույն այդ տրամաբանության մեջ շահագրգռել այդ պայմանագիրը ստորագրելու հարցում։ Հասկանալի է այն պարագայում, երբ Ադրբեջանը բավական կոշտ պահանջներ է դնում, բավական միարժեք պահանջներ է փորձում թելադրել, և կա դրանց հանդեպ Երևանի ադապտացիա ապահովելու խնդիր», - նշեց նա։

Հակոբ Բադալյանը նկատում է, որ բոլոր բարձաստիճան պաշտոնյաների պարագայում կա հստակ օրակարգ, որի մասին հայտարարվում է, սակայն այնուամենյանիվ, նրա կարծիքով, գլխավոր հարցը մնում է հայ-ադբեջանական խաղաղության պայմանագիրը ու Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային առևտրային ուղիների գործերը հնարավոր դարձնելը։

«Այդ բոլոր օրակարգերը, բնականաբար, միջոցն են գլխավոր նպատակին հասնելու։ Անկասկած է, որ այդ գլխավոր նպատակի համատեքստում Երևանն էլ իր հերթին փորձում է իր այսպես ասած՝ ապահովագրության մեխանիզմները սահմանել և ակնկալում է Միացյալ Նահանգներից ավելի գործնականություն։ Միացյալ Նահանգները այդ ոլորտային հնչեղությամբ փորձում է արձագանքել դրան։ Գլխավոր նպատակն, այդուհանդերձ, բնականաբար մնում է այն, ինչի մասին հենց նույն Օ՛Բրայենը՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը բարձրաձայնել է, ընդ որում մի քանի անգամ», - ասաց Հակոբ Բադալյանը։

Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի վերջին «Ազատությանը» տված հարցազրույցում ընդգծել էր՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, և որ պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, ինչից հետո, սակայն, Բաքուն շարունակել է նոր պահանջներ դնել Երևանի առջև։

XS
SM
MD
LG