Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, ելույթ ունենալով Արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Դոնեցկի, Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունները», Խերսոնի և Զապորոժիեի բնակիչները հանրաքվեով արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ մտնելով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։
«Ռուսաստանի հետ լինելու մարդկանց կամքը անսասան է, հարցը ընդմիշտ փակված է և այլևս չի քննարկվում։ Մեր պետականության միասնությունը խախտելու մասին խոսք լինել չի կարող», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը Կիևի հետ բանակցությունների մի քանի պայման է նշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնբասից և «նովոռոսիայից», Մոսկվան կերաշխավորի, որ նրանք անվտանգ դուրս բերվեն, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանից, Ռուսաստանը գտնում է, որ Ուկրաինան պետք է ունենա չեզոք, ոչ-բլոկային, ոչ-միջուկային երկրի կարգավիճակ, ինչպես նաև արևմտյան բոլոր պատժամիջոցների չեղարկում։
Նա նշել, որ 2021-2022 թվականների առաջարկներին ամբողջովին վերադառնալն արդեն անհնարին է, բայց բազային սկզբունքները մնում են անփոփոխ։ Պուտինի խոսքերով՝ եթե Կիևը և Արևմուտքը հրաժարվեն խաղաղության նոր առաջարկներից, ապա հետագա առաջարկները արդեն ուրիշ կլինեն, փոփոխության կենթարկվի նաև ռազմաճակատի գիծը՝ ոչ հօգուտ Ուկրաինայի։
Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ անվտանգության արևմտյան մոդելը փլուզվել է և ժամանակն է ձևավորել նոր և ավելի կայուն համակարգ։
«Ակնհայտ է, որ մենք ականատես ենք եվրատլանտյան անվտանգության համակարգի փլուզմանը, այսօր այն պարզապես գոյություն չունի, այն էապես նորովի է պետք ստեղծել», - ասել է նա, նշելով, որ Արևմուտքը կարիք ունի ճանապարհ գտնել Ռուսաստանի հետ աշխատելու համար և Ռուսաստանը բաց է քննարկումների յուրաքանչյուրի հետ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ։
Հանդիպմանը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե կարծում է՝ Ռուսաստանի նոր առաջարկները արդեն բոլորը կարդում են և բոլորը գիտեն, բայց Պուտինի ելույթի ժանրը չի ենթադրում փաստաթղթի հրապարակում որպես պաշտոնական առաջարկներ։ Նա ասել է, որ կսպասեն առաջարկների արձագանքին։
2022-ի փետրվարին Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է։ Արևմուտքը աջակցում է Ուկրաինային ագրեսորի դեմ պայքարում։