Մատչելիության հղումներ

Կիևը ցանկանում է խաղաղության երկրորդ գագաթնաժողովն անցկացնել՝ հրավիրելով նաև Մոսկվային․ Bloomberg


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Ուկրաինան ցանկանում է խաղաղության երկրորդ գագաթնաժողովն անցկացնել, որին այս անգամ հրավիրված կլինեն նաև Ռուսաստանի ներկայացուցիչները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ուկրաինական և արևմտյան դիվանագիտական աղբյուրներին։

Լրատվամիջոցի զրուցակիցների փոխանցմամբ, Կիևը մտավախություն ունի, որ եթե Դոնալդ Թրամփն ընտրվի նախագահի պաշտոնում, Վաշինգտոնը կարող է դադարեցնել կամ լրջորեն սահմանափակել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։

Միևնույն ժամանակ, գործակալության արևմտյան աղբյուրները նշում են, որ նման հանդիպում կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե այն ունենա «հստակ նպատակ» և ուղեկցվի «արդյունքի հստակ ակնկալիքներով»։

Արձագանքելով Bloomberg-ի հրապարակմանը՝ Կրեմլից հայտարարել են, որ Մոսկվան բաց է ուկրաինական կարգավորման հարցով երկխոսության համար, բայց պայմանով, որ հստակեցվի «ինչի մասին է խոսքը»։

«Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը և Ռուսաստանի դաշնությունը միշտ պատրաստ են երկխոսության համար, մենք երբեք չենք հրաժարվել երկխոսությունից, բայց պետք է հասկանանք, ինչի մասին է խոսքը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հունիսի 15-ից 16-ը Շվեյցարիայում՝ Բյուրգենստոկի ավանում, տեղի է ունեցել Ուկրաինայի հարցով առաջին խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցել են ավելի քան 80 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ռուսաստանն այս միջոցառմանը հրավիրված չէր։ Մոսկվան էլ հայտարարել էր, թե այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը:

Գագաթնաժողովի ավարտին մասնակիցների մեծ մասն ընդունել է հռչակագիր, մի շարք երկրներ՝ ներառյալ Հայաստանը, չեն ստորագրել այդ փաստաթուղթը:

Կոմյունիկեն կոչ է անում հիմք ընդունել Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը»՝ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու ցանկացած խաղաղ համաձայնագրի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG