ԱՄՆ-ում՝ «Թուրքիայի տանը» հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը
Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը» նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Պարզ չէ՝ հանդիպման նախաձեռնությունը հայկական, թե թուրքական կողմինն էր։ Ամեն դեպքում կողմերը տարբեր բովանդակությամբ տեղեկություն ու լուսանկարներ են տարածել այդ հանդիպման մասին։
Մասնավորապես, Երևանի պաշտոնական լուսանկարներից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում Փաշինյանն Էրդողանին է նվիրել իր «Խաղաղության խաչմերուկը», իսկ թուրքական կողմի հրապարակած լուսանկարներում Էրդողանը Փաշինյանին է նվիրում իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Էրդողանն իր այդ գրքում կոչ է անում վերափոխել միջազգային կառույցները և մասնավորապես ՄԱԿ-ը։
Լուսանկարներից բացի, թուրքական կողմն ընդամենը երկու նախադասությունից բաղկացած հակիրճ տեղեկություն է տարածել՝ միայն նշելով, որ հանդիպումըհ կայացել է «Թուրքիայի տանը», և որ Էրդողանը գիրք է նվիրել Փաշինյանին։ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, որ հանդիպումը Նյու Յորքում տեղակայված Թուրքիայի տանն է տեղի ունեցել, ոչինչ չի ասվում, նաև այն մասին, որ Փաշինյանն Էրդողանից գիրք է նվեր ստացել։
Փաշինյանն Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
Փոխարենը հայկական կողմը տեղեկացնում է, որ Փաշինյանն ու Էրդողանն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին, ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը:
Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին նաև տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:
Հանդիպումը, ըստ Գեղամ Մանուկյանի, հենց ՄԱԿ-ի շենքում պետք է կայանար
Խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է Փաշինյանին՝ «Թուրքիայի տանը» Էրդողանին հանդիպելու համար։ Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընդգծում է՝ եթե ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում էր հանդիպումը, ապա այն պետք է կայանար հենց ՄԱԿ-ի շենքում, որտեղ երկկողմ հանդիպումների համար հատուկ սրահներ են նախատեսված և ոչ թե թուրքական հաստատությունում։
«Ելել է ՄԱԿ-ի շենքից, գնացել է առաջին ավենյու՝ «Թուրք էվի» կոչվող, ինքը հսկայական բարձրահարկ է, որտեղ տեղակայված են ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացչությունը և Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հայաստանի ղեկավարը Թուրքիայի ղեկավարին նվիրում է իր կարմիր գծերի վերաբերյալ մի տպագիր. Արա Գոչունյան
Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի համոզմամբ՝ տեղի ունեցածը լուրջ խնդիր չի առաջացնում Հայաստանի համար. - «Մյուս տեսանկյունից էլ նայենք, որ Նյու Յորքում «Թուրքական տան» մեջ Հայաստանի Հանրապետության եռագույնն է դրված։ Խորթ երևույթ չեմ նկատում։ Վարչապետը «Խաղաղության խաչմերուկի» բան է նվիրել, ինչ-որ ձևով Հայաստանի ղեկավարը Թուրքիայի ղեկավարին նվիրում է իր կարմիր գծերի վերաբերյալ մի տպագիր, որովհետև Երևանից հայտարարում են, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի կարմիր գիծն է։
Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Երևան-Բաքու խաղաղության հաստատմանը. Daily Sabah
Ի դեպ, Էրդողան - Փաշինյան հանդիպման մասին որոշ մանրամասներ է փոխանցել թուրքական «Սաբահ»-ը (Daily Sabah) «Թուրքիան և Հայաստանը մի փոքր ավելի մոտ են լիարժեք կարգավորմանը» վերնագրով հոդվածում։ Հղում անելով Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունին, որը նույնպես ներկա է եղել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, թուրքական պարբերականը գրում է, թե Էրդողանը պատրաստակամություն է հայտնել «այս նոր ժամանակաշրջանում աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության և ամուր բարեկամության հաստատմանը»։
Ըստ «Սաբահ»-ի՝ Էրդողանը նաև իր անկեղծ աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու հարցում։
«Նախագահ Էրդողանի և վարչապետ Փաշինյանի միջև տեղի ունեցած այս հազվադեպ հանդիպումը կարող է նպաստավոր ազդեցություն ունենալ գործընթացի վրա», - գրում է թուրքական պարբերականը։
Շուրջ 2 տարի առաջ Երևանն և Անկարան պայմանավորվել էին ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Չնայած երկու երկրների բանագնացների՝ Ռուբեն Ռուբենյանի և Սերդար Քլըչի շուրջ 5 հանդիպումներին, պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Անկատար է մնում նաև դեռ անցած տարվա մայիսին ձեռք բերված ևս մեկ պայմանավորվածություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։
Թե արդյոք Փաշինյան - Էրդողան երեկվա հանդիպմանը անդրադարձել են չկատարվող պայմանավորվածություններին, և մասնավորապես, թե ինչու այդպես էլ չի բացվում ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, պարզ չէ։ Կողմերն այդ մասին ոչինչ չեն հաղորդում։