Մեծ հաշվով Հայասատանի և Ադրբեջանի սահամանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար, այսօր Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը չի կազմում», - պնդեց արտգործնախարարը, վստահեցնելով, որ Սահամանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է:
Հակադարձելով ընդդիմադիր պատգամվոր Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, թե Հայաստանը բյուջեով ծախսեր է նախատեսում Ադրբեջանի պահանջները կատարելու կամար, Միրզոյանն ասաց, թե պատգամավորը մոլորության մեջ է:
Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Փաշինյանը խոսեց հունվարի 19-ին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Այս հայտարարությունից մոտ տասն օր անց Բաքուն պնդեց՝ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:
Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից՝ Միրզոյանն ասաց, որ Երևանը 2023-ին շարունակել է Անկարայի հետ կարգավորման գործընթացը և մի շարք հարցերի շուրջ, ըստ արտգործնախարարի, կա լայն փոխըմբռնում։
«Արդեն ժամանակն է, որ մենք գետնի վրա տեսնենք կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ», - ասաց Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը հակադարձելով ըննդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ ասաց, որ ոչ թե Թուրքիայի կողմից կան ավելացող պահանջներ, այլ «կա շատ առողջ երկխոսություն, նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, կյանքի չեն կոչվել առայժմ, պայմանավորված երրորդ այլ գործոններով»:
«Մեր ակնկալիքն է Թուրքիայից, որ պայմանավորվածությունները սկսեն իրականանալ», - ասաց Միրզոյանը, չհստակեցնելով, թե ինչ գործոնների պատճառով չեն իրականանում Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սեյդար Քըլըչը շուրջ երկու տարի առաջ Վիեննայում պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմը Մարգարայի անցակետի շինարարությունն ավարտեց, սահմանը, սակայն, դեռ փակ է։