Մատչելիության հղումներ

Բայրամովը Քըլըչին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից ու «ռազմականացումից»


Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի

Ադրբեջանում գտնվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչն այսօր հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության՝ Բայրամովն ու Քըլըչը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Բայրամովը, հաղորդագրության համաձայն, մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա հայտարարել է, թե խաղաղ գործընթացի առջև դեռևս մնում են մարտահրավերներ, «այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնությունները Հայաստանի Սահմանադրությունում, երրորդ երկրների քայլերը, որոնք նպաստում են Հայաստանի ռազմականացմանը և սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը»:

Բաքու այցից օրեր առաջ Քըլըչը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ, որն էլ, իր հերթին, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակության կազմում այսօր մասնակցել է Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններին:

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, Հայաստանն էլ Բաքվի այս պահանջն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Հայաստանի ռազմականացման վերաբերյալ Բաքվի պնդումներին պաշտոնական Երևանը հակադարձում է, որ յուրաքանչյուր երկիր զինված ուժեր ունենալու և ինքնապաշտպանվելու իրավունք ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG