Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել․ Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել, Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Թուրքական տանը» ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Էրդողանը Նյու Յորքում է՝ մանկացելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ անդրադառնալով համաշխարհային և տարածաշրջանային իրադարձություններին ու մարտահրավերներին Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի հիմնական սկզբունքներն են՝ բարեկամության ամրապնդումը, տարաձայնությունների նվազեցումը, խաղաղության ապահովումը։

Նրա խոսքով՝ Անկարան անփոխարինելի պայման է համարում նաև միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը։

«Ժամանակակից աշխարհում այս սկզբուքնների կարիքն ունեն առավել քան երբևէ», - ասել է Թուրքիայի նախագահը։

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։

Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։

Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Անկարան էլ հայտարարում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG