Արման Նիկոլյանը 2018 թվականից պարբերաբար Ռուսաստան էր մեկնում՝ արտագնա աշխատանքի, սակայն ռուսական լայնածավալ պատերազմը Ուկրաինայի դեմ փոխել է նաև նրա պլանները։
30-ամյա տղամարդն ասում է՝ Հայաստանում տնտեսական իրավիճակն էր ստիպում հեռանալ, բայց անցած տարվա սեպտեմբերից նրա համար նախընտրելի է ապրել ու աշխատել Հայաստանի հարավում գտնվող Մալիշկա գյուղում, քան հազարավոր կիլոմետրեր կտրել-անցնել և ստանալ նույն վարձատրությունն, որքան այստեղ։
«Նորմալ էր սկզբնական շրջանում։ Բայց վերջին մեկ-երկու տարին, երբ պատերազմ էր իրենց մոտ, ահագին փոփոխություն էր զգացվում՝ կուրսն էն չէր, ճիշտն ասած՝ հայերին էլ մի տեսակ տեղ չէին տալիս, բնակության վայրի գրանցման հետ կապված էլ ահագին բարդություններ կային», - ասաց Նիկոլյանը։
Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի տարեվերջին Հայաստանից միգրացիոն հոսքերը դեպի Ռուսաստան նվազել էին 8.7 տոկոսով, 2023 թվականից մինչև այսօր միտումը շարունակում է պահպանվել։ Հայաստանից միգրացիոն հոսքերը դադարել էին նաև 20 թվականին՝ քովիդի համաճարակի ժամանակ, սակայն այդ ժամանակ պատճառը փակ սահմաններն էին։
ԿԲ-ի վերլուծության համաձայն՝ Ռուսաստանն աշխատանքային միգրանտների համար այլևս գրավիչ չէ
Կենտրոնական բանկի վերլուծության համաձայն՝ արևմտյան ծանր պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն աշխատանքային միգրանտների համար այլևս գրավիչ չէ, քանի որ աշխատավարձերի տարբերությունն էլ այդքան մեծ չէ նախկինի համեմատ։
Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը հիմնական, բայց միակ պատճառը չէ։ Ռուսաստանում այլազգիների դեմ խստացումներ սկսվել էին դեռ 2018 թվականից, բայց միգրանտների վիճակն ավելի է ծանրացել այս գարնանը Մոսկվայի «Կրոկուս» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը ենթադրաբար իրականացրել էին Տաջիկստանի քաղաքացիները։ Այս խստացումների ալիքից հատկապես տուժեցին Կենտրոնական Ասիայից ժամանած աշխատանքային միգրանտները։ Սակայն Արման Նիկոլյանի տպավորությամբ՝ նույն վերաբերմունքը կա նաև հայերի նկատմամբ։
«Շատ էին սկսել ստուգել այլազգիներին։ Մի ժամանակ, երբ կանգնեցնում էին փաստաթղթերի ստուգման համար, մի տեսակ ուրախ էին, որ հայ ենք, բայց հիմա զգացվում է, որ էնքան էլ ուրախ չեն, որ հայ ենք», - նշեց նա։
2024 թվականին Ռուսաստանում իրականացված հարցումները փաստում են, որ բնակչության 70 տոկոսը կողմ է իշխանությունների նախաձեռնած սահմանափակումներին։ Հարցվածները կարծում են, որ պետք է սահմանափակել միգրանտների և նրանց ընտանիքների մուտքը իրենց հայրենիք։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրում ավելի քան 6 միլիոն օտարերկրացի է բնակվում, որոնցից 740 հազարը՝ անօրինական։
Նոյեմբերի 1-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը միգրացիոն քաղաքականության քննարկման ժամանակ հայտարարել էր միգրանտների թվային պրոֆիլներ ստեղծելու մասին։
«Միգրացիոն քաղաքականությունը պետք է ծառայի մեր քաղաքացիների շահերին և ոչ թե որոշ օտարերկրյա պետությունների կամ խմբերի, որքան էլ նրանք մեզ համար կարևոր լինեն», - ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ ռուսաց լեզվին չտիրապետող միգրանտների երեխաները իրավունք չունեն նաև կրթություն ստանալ։
«Յուրաքանչյուր դասարանում կարող է կրթություն ստանալ ոչ ավելի, քան երեք օտարերկրացի»
Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է՝ յուրաքանչյուր դասարանում կարող են կրթություն ստանալ ոչ ավելի, քան երեք օտարերկրացի։ Փորձագետը նշում է՝ նման խոչընդոտների նաև հայերն են բախվում։
«Ահազանգ ունեցել ենք, որ Հայաստանի քաղաքացին ուղիղ մեկ տարի չէր կարողանում իր երեխային ուղարկել որևէ դպրոց։ Նույնիսկ նրանից քննություններ վերցրեցին տեսան, որ համապատասխանում է այդ դասարանին, անգամ գիտեր ռուսերեն, չնայած պատճառաբանությունը՝ ինչու չեն ուզում վերցնեն դպրոցներում՝ երեխայի ռուսերենի չիմացությունն էր, այս երեխան գիտեր նաև ռուսերեն, բայց միևնույն է պատճառաբանում էին որ դպրոցում տեղ չունեին և հետո մեծ դժվարությամբ մայրը կարողացավ երեխային, եթե չեմ սխալվում, վճարովի մասնավոր դպրոց ուղարկել։ Ուզում եմ ասեմ՝ այս խնդիրը կա, և այս խնդրին բախվում են նաև մեր հայրենակիցները, իսկ օրենքի ընդունումից հետո շատ ավելի խիստ կլինի: Ես կարծում եմ, որ սրանք պատճառներ են՝ ինչի համար կա՛մ կվերադառնան, կա՛մ կփնտրեն մեկ այլ երկիր, եթե չեն ցանկանում վերադառնալ Հայաստան», - նշեց «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի միգրացիոն հարցերով փորձագետը։
Միգրացիոն նոր խստացումների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից արտագնա աշխատանքի մեկնողները պետք է հաշվառվեն, անցնեն բժշկական զննություն և մատնահետք հանձնեն։ Հաջորդ տարվանից, եթե Ռուսաստանում մեկ ամսից ավելի գտնվեն, պետք է նաև ստորագրեն լոյալության համաձայնագիր։ Ըստ որի՝ չպետք է խախտեն երկրի օրենսդրությունը, ավանդույթները և չընդդիմանան երկրում ընդունված հանրային կարծիքին։ Այս խստացումներով նաև հարկային բեռն է ավելացել, նույնքան, որքան տեղացիների համար։ Բացի այդ, առողջապահական ապահովագրության համար օտարերկրացիները պետք է լրացուցիչ վճարումներ կատարեն։
«Վերջին մեկ-երկու տարին արդեն պարտադիր պայման էր բժշկական զննություն անցնելը, իսկ դա ահագին պրոբլեմատիկ էր, որովհետև նախ՝ ժամանակ էր պետք, շատ մեծ միգրանտների խումբ կար, հերթի մեջ էին։ Լինում էր, որ երկու օր տևում էր այդ պրոցեսը։ Դե՝ նորից գումար, չհաշված՝ գրանցում, մատնահետք․․․ Շատ օրենքներ ընդունեցին, որ համարյա անտանելի էր էդ պրոցեսն անցնելը», - ներկայացրեց Նիկոլյանը։
Մալիշկա գյուղի մեկ այլ բնակիչ Համազասպ Գրիգորյանը, որը 1996 թվականից ընտանիքից պահելու միակ տարբերակը դիտարկում էր Ռուսաստանը, վերջին անգամ 2022 թվականի աշնանն է ոտք դրել այնտեղ:
64-ամյա տղամարդու պնդմամբ՝ Վայոց ձորում աշխատանք չի կարողանում գտնել, ոտքի ցավից բացի՝ տարիքն էլ է խոչընդոտ դարձել աշխատելու համար։ Սակայն Ռուսաստան մեկնելը նույնպես այլընտրանք չէ։
«Գործ չկար, հազիվ ընդեղ յոլա էինք գնում՝ հացի փող։ Եթե ստացվում էր, մի երկու կոպեկ հավաքում ճամփում էինք տուն, որ յոլա գնային», - նշեց Գրիգորյանը։
Ըստ տնտեսագետի՝ գումարի ներհոսքի կրճատման հետ մեկտեղ նաև արտահոսքն է ավելացել
Տարիներ շարունակ աշխատանքային միգրացիան կարևոր դեր է խաղացել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից հազարավոր ռելոկանտներ տեղափոխվեցին Հայաստան՝ բերելով իրենց հետ խնայողություննեը, և այդպիսով տրանսֆերների թիվը 900 միլիոնից հասավ մինչև 3․6 միլիարդ դոլարի։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2023 թվականին այդ թիվը հասել է 3.9 միլիարդ դոլարի, ինչը Հայաստանի տնտեսության համար աննախադեպ հոսք էր։ Սակայն Հայաստանից ռուսների հեռանալուց և արտագնա աշխատանքի մեկնողների նվազման ֆոնին տրանսֆերների հոսքում նույնպես անկայունություն է նկատվում։
«Այս տարվա կանխատեսումը տրանսֆերների մասով կլինի նվազող, այսինքն՝ անցած տարվա համեմատ ավելի քիչ ներհոսք կունենանք՝ պայմանավորված Ռուսաստանի գործոնով՝ ռուս ռելոկանտների դուրս գալով և «Միր» քարտերի սպասարկման դադարեցմամբ», - ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ գումարի ներհոսքի կրճատման հետ մեկտեղ նաև արտահոսքն է ավելացել, և դա կարող է իր ազդեցությունը թողնել հայկական դրամի փոխարժեքի վրա։
Հեղինակ՝ Սոնա Հովսեփյան