Անցած շաբաթավերջին Ռուսաստանի Քննչական կոմիտեն ու Ռազմական ոստիկանությունը շուրջկալ են կազմակերպել Սանկտ Պետերբուրգի երկու շուկաներում՝ բերման ենթարկելով 150 տղամարդու, որոնց ուղարկել են ուղիղ զինկոմիսարիատ։
Ըստ Քննչական կոմիտեի, ձերբակալվածների հետ «բացատրական աշխատանքներ են տարել», ինչից հետո առնվազն 100 մարդ որոշել է ինքնակամ մեկնել ռազմաճակատ՝ պայմանագրային հիմունքներով։ Թե ինչու մինչ այդ ՝արդեն ավելի քան երկուսուկես տարի Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ընթացքում նույն այդ անձնինք զինկոմիսարիատ չէին գնացել, և զինվորագրվել են միայն իրավապահների «բացատրական աշխատանքներից հետո», Ռուսաստանի քննչական կոմիտեն չի մանրամասնում։ Պաշտոնական հաղորդագրությունը նշում է միայն, որ Դաշնության քաղաքացի դարձած անձանցից միայն մեկն է հրաժարվել զինվորական հաշվառման կանգնել, նրա հանդեպ էլ քայլեր են ձեռնարկվել՝ ՌԴ քաղաքացիությունից զրկելու համար»։
Ներգաղթյալներին ռուսական իրականությանն «ինտեգրելու» այս մեթոդը շրջանառության մեջ դրեց Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն՝ անցած ամառ։
«Մենք ավելի քան 30 հազար մարդ ենք բռնել, որ ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, բայց չէին ուզում զինվորական հաշվառման կանգնել։ Կանգնեցրինք հաշվառման, ու նրանցից մոտ տասը հազարն արդեն մեկնել են հատուկ ռազմական գործողության գոտի», - հայտարարել էր նա։
Ներգաղթյալների դեմ այս որսը սկսվեց մարտից, երբ մի խումբ զինված տղամարդիկ, անկանոն կրակ բացելով, ներխուժեցին «Կրոկուս հոլ»։ Շուրջ 145 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունից հետո իրավապահները ձերբակալեցին տասը կասկածյալների, այդ թվում՝ ենթադրաբար հարձակումն իրակացրած չորս անձանց։ Չորսն էլ, ըստ պաշտոնական աղբյուրների, օտարեկրյա քաղաքացիներ էին։
Արյունալի այդ օրվանից հետո ՌԴ Պետդուման փոփոխություն է մտցրել ներգաղթյալների մասին օրենքներում՝ հստակ դրույթներ ամրագրելով նրանց վտարելու համար։ Ռուսաստանյան ավելի քան 20 ռեգիոններում էլ տեղական իշխանություններն են սահմանափակումներ մտցրել օտարեկրացիներին աշխատանքի վերցնելու հարցում։ Մոսկվայի մարզում, օրինակ, հաջորդ տարվանից միգրանտները չեն կարող աշխատել հասարակական սննդի կետերում։ «Դա բխում է անվտանգությունից», - բացատրել էր նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
«Վստահ եմ՝բիզնեսը կգտնի գրագետ ու ռացիոնալ որոշում բոլոր այն ոլորտնեում, որտեղ միգրանտներին չի կարելի օգտագործել», - հայտարարել էր Վորոբյովը։
Չելյաբինսկում նահանգապետի որոշմամբ, միգրանտներին արգելվում է աշխատել առևտրի ոլորտում, հյուրանոցներում կամ հասարակական սննդի կետերում։ Նովոսիբիրսկում արգելվում է տաքստի վարել, ինչպես նաև ալկոհոլ ու ծխախոտ վաճառել։
«Եթե օտարեկրացիները վստահելի չեն թիկունքում, ինչպես է իշխանությունը նրանց ճակատ ուղարկում»․ Քննչական կոմիտեի ղեկավարը ամիսներ առաջ ինքն էր այս հարցը բարձրացրել ու պատասխանել՝առանց քմծիծաղը զսպելու։
«Մեզ հարցնում են՝ մեր ինչին է դա պետք։ Ընկերնե՛ր, խրամատ փորելու, ամրություններ ստեղծելու համար իսկապես պետք են ուժեղ, աշխատող ձեռքեր։ Այսօր նրանք համալրում են այն թիկունքային զորամասերը, որոնք և կառուցում են այդ պաշտպանական գծերը», - ասել էր Բաստրիկինը։
Օգոստոսից Ռուսաստանում գործում է նոր օրենք՝զինվորական հաշվառման կանգնելու մասին, որին պետք է ենթարկվեն Դաշնության անձնագիր ստացած բոլոր տղամարդիկ։ Հակառակ դեպքում օտարեկրացուն կարող են զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից ու վտարել երկրից։
Իսկ նրանք, ովքեր չունեն քաղաքացիություն ու ապօրինի են գտնվում երկրում, պետք է ընտրեն․ կա՛մ վերադառնում են հայրենիք, կա՛մ մեկնում ռազմաճակատ։
«Այս մասին առաջին ահազանգերը ստացանք պատերազմի մեկնարկից ամիսներ անց արդեն», - The Insider-ին պատմել է BBC-ի ռուսական ծառայության թղթակից Օլեգ Բոլդիրևը, ով անցած ամիսներին բազմաթիվ նման պատմություններ է լսել։
«Իմ զրուցակիցներից մեկը՝ Ուզբեկստանի քաղաքացի, որին բերման էին ենթարկել ներգաղթյալների ժամանակավոր պահման վայր, պատմեց, որ իրենց՝ 60 հոգու տեղավորել էին 20 hոգու համար նախատեսված խցում։ Ձեբակալության երկրորդ թե երրորդ օրը խուց է մտել մի ոստիկան՝ զինվորականների ուղեկցությամբ, որոնք առաջարկել են միգրանտներին բարձր վարձատրություն, պայծառ ապագա, խոստացել Ռուսաստանի քաղաքացիություն տալ, ու հնարավորություն՝ ընտանիքին Դաշնություն բերելու, եթե համաձայնեն ռազմաճակատ գնալ», - պատմել է Բոլդիրևը։
"Важные истории" պարբերականի լրագրողներն իրենց հերթին հաշվարկել են՝ այս տարվա ընթացքում պայմանագրային զինծառայողների հավաքագրումը ռուսական բանակում ավելացել է առնվազն վեց անգամ՝ նախորդ տարվա համեմատ։ Պաշտոնական աղբյուրների համաձայն, մասնավորապես, 2024 ի առաջին կես տարում միայն զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել և ռազմադաշտ մեկնել ավելի քան 166 հազար քաղաքացի։
Մյուս կողմից, դատելով 2025-27 թվականների պետբյոջեի նախագծից, Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են առաջիկա երեք տարիներին պայմանագրայինների թիվն էլ ավելի մեծացնել՝ տարեկան հավաքագրելով 225 հազար նոր ծառայողների։ Այդ թվում՝ միգրանտների հաշվին, ինչպես Քննչական կոմիտեի ղեկավարն էր անցած ամռանը հայտարարել։