Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴծ) հայտնում է Crocus City Hall - ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալի ձերբակալության մասին։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կասկածյալները, ովքեր ծագումով Կենտրոնական Ասիայից են, ձերբակալվել են Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում։ ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, որ նրանցից երկուսը գումար են փոխանցել հարձակվողների համար զենք և մեքենա գնելու համար, երրորդ անձը, իբր, ներգրավված է եղել հանցակիցներ հավաքագրելու և հանցագործներին ֆինանսավորելու մեջ:
Ավելի քան 144 մարդու կյանք խլած արյունալի հարձակման գործով կալանավորված է 10 անձ, նրանց մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։ Մոսկվան առանց փաստեր վկայակոչելու հայտարարում է, որ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են Ուկրաինա, ինչը Կիևը կտրականապես հերքում է։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի համագումարում, կրկին հայտարարել է, թե ահաբեկչության պատվիրատուները պատրաստվում էին «վնաս հասցնել ռուսների միասնությանը»։ «Այլ նպատակներ տեսանելի չեն, չկան, քանի որ Ռուսաստանը չի կարող լինել իսլամական ֆունդամենտալիստների ահաբեկչական հարձակումների թիրախը»,- պնդել է Պուտինը։