Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը պնդում է՝ իր նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է, դրդապատճառը՝ քաղաքական


Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը 5 ժամից ավելի տևեց: Նա դատարանի դահլիճում պնդում էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է, դրդապատճառը՝ քաղաքական։

«Պնդում եմ, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես, իմ նկատմամբ քրեական հետապնդումը քննիչի կողմից փաստացի իրականացվել է ինձ պաշտոնական մեղադրանք առաջադրելուց շատ առաջ», - ընդգծեց ՍԴ դատավորը։

Հրայր Թովմասյանը հայտարարեց՝ իր փոխարեն ցանկացածը կարող էր լինել ամբաստանյալի աթոռին, եթե Փաշինյանի իշխանության գալուց հետո լիներ Սահմանադրական դատարանի նախագահը։

Դատավորն անհաղորդ է, մեղադրողը՝ կանխակալ, դժգոհեց Թովմասյանն ու շարունակեց՝ դատախազի համար ճշմարտություն է միայն այն, ինչն իր մեղավորությունն է ապացուցում, իսկ իր անմեղությունը հիմնավորող փաստերը դատախազի համար կեղծիք են։

«Երբ որ դատախազն ունի կանխակալ դիրքորոշում, նա ունի արտաքին ուղղորդում. մեղքը մեղավորների վիզը», - ասաց նա:

Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց հեղափոխությունից հետո, երբ նա Սահմանադրական դատարանի նախագահ էր։ Մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի տարածքը և ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյանի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պետության պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։

Թովմասյանի դեմ քննությունը սկսվեց այն փուլում, երբ իշխող ուժը փոխում էր Սահմանադրական դատարանի կազմը: Այդ ժամանակ Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացվեց, բայց շարունակեց աշխատանքը որպես դատավոր։

«Այս մեղադրական եզրակացությունը հիվանդ է և ունի այնպիսի հիվանդություն, որոնցից մեկի առկայության դեպքում մյուս մեղադրական եզրակացությունները վաղուց արդեն գոյություն չէին ունենա», - ընդգծեց Հրայր Թովմասյանը:

4,5 տարի ձգվող այս դատավարությունն ավարտվում է։ Թովմասյանի ճառից հետո սպասվում է դատարանի որոշումը, օրը դեռ հայտնի չէ։ Դատական նախորդ նիստերից մի քանիսին Հրայր Թովմասյանը չէր ներկայացել, դատարանն անգամ նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Մեղադրողը պնդել էր, թե միտումնավոր է ձգձգում դատական գործընթացը, քանի որ մի քանի ամսից՝ դեկտեմբերին լրանում է այս գործի վաղեմության ժամկետը։ Անցած տարիներին 132 նիստերի գրեթե կեսը հետաձգվել է, ըստ դատախազի, Թովմասյանի պատճառով։

Թովմասյանի մեղադրանքը հիմնավորող դատախազի խոսքով՝ Սահմանադրական դատարանի դատավորը կազատազրկվի, եթե դատավճիռն ուժի մեջ մտնի մինչև դեկտեմբեր։ Եթե չազատազրկվի, միևնույն է պաշտոնից կազատվի։ Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջում, պաշտպանական կողմը՝ արդարացում։

XS
SM
MD
LG