Եթե ավարտին մոտեցող դատավարությունում պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրվող Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվի, կկորցնի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Իսկ կազատազրկվի միայն մի դեպքում՝ երբ դատավճիռն ուժի մեջ մտնի մինչև դեկտեմբեր։ Դեկտեմբերին կլրանան նրա գործով վաղեմության ժամկետները, «Ազատության» հետ զրույցում ասաց դատախազ Արսեն Մարգարյանը։
«Եթե ուժի մեջ մտավ, դատարանը ազատազրկում տվեց, ուրեմն պիտի ի կատար ածվի դատական ակտը։ Սահմանադրական դատարանի մասին օրենքով էլ կա, որ մեղադրական դատական ակտ կայացված լինելու, օրինական ուժի մեջ մտնելու, կամ նույնիսկ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցված լինելու հանգամանքը խոչընդոտ է արդեն դատավորի բարձր պաշտոնը զբաղեցնելու համար», - ասաց Մարգարյանը։
Այս դատավարությունը շարունակվում է արդեն 4.5 տարի։ Անցած դատական նիստին դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել։ Արդեն հաջորդ նիստին սպասվում է, որ ամբաստանյալը կներկայացնի իր դիրքորոշումը։
Տարիներ շարունակ Թովմասյանի փաստաբանները պնդել են, որ անձեռնմխելիություն ունեցող դատավորին իրավապահները չէին կարող մեղադրանք առաջադրել առանց Սահմանադրական դատարանի համաձայնության։ Այն ժամանակ փաստաբան Միհրան Պողոսյանն էր այս հարցը բարձրացնում։
«Հաշվի առնելով, որ պարոն Թովմասյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ և նախագահ էր ընտրվել 2005 թվականի գործող Սահմանադրության հիման վրա, վերջինս օժտված էր ամբողջական անձեռնմխելիության իրավունքով, գործընթացներ Գլխավոր դատախազության կողմից չեն իրականացվել՝ Սահմանադրությանն ինչ-որ մեկնաբանություն տալով։ Գործառութային անձեռնմխելիության հետ կապված է խնդիր առաջացնում, բայց ամեն դեպքում գլխավոր դատախազը պետք է նախորդ Սահմանադրության հետ կապված գործողություններ իրականացներ», - ասել էր Հրայր Թովմասյանի այժմ նախկին փաստաբանը։
Մինչդեռ դատախազ Մարգարյանը, վկայակոչելով տարբեր հոդվածներ, պնդում է՝ դատավորի անձեռնմխելիությունը կապ չունի այս քրեական գործի հետ, այն առնչվում է դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջվա ժամանակաշրջանին, երբ Թովմասյանն արդարադատության նախարար էր։
«Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման կապակցությամբ չեն կատարված հանցանքները, այսինքն՝ նրան վերագրվում են արդարադատության նախարար աշխատած ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցավոր արարք, որի ժամանակ նա անձեռնմխելիությունից չի օգտվել», - ասաց դատախազը՝ հավելելով․ - «Բայց եթե գործառույթի հետ կապված լիներ իր լիազորությունների իրականացման, այո, այդ հարցը կբարձրանար, և վստահեցնում եմ, որ այդ դեպքում Դատախազությունը իր գործառույթները կիրականացներ»։
Ինքը՝ Հրայր Թովմասյանը, անցած տարիներին այս քրեական գործի մասին շատ չի խոսել, դատական նիստերին էլ հենց նրա պահանջով նկարահանումն արգելված էր։ Բայց քննության սկզբում ասել էր, որ մեղքը չի ընդունում ու իր նկատմամբ հետապնդումն էլ քաղաքական է համարում․ - «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «x-y-z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի»։ x-y-z քայլերը հրաժարական տալն էր»։
2018-ին Բարձր դատարանի նախագահ ընտրված Թովմասյանը մեղադրանքը քաղաքական լինելու մասին խոսելի նկատի ուներ, որ նոր իշխանության եկած վարչապետ Փաշինյանն ուզում էր ազատվել իրենից ու մյուս դատավորներից։ Իշխանության նախաձեռնած գործընթացի արդյունքում 2020 թվականին Թովմասյանը վաղաժամ զրկվեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, բայց շարունակեց պաշտոնավարել որպես դատավոր, ևս երեքն ազատվեցին աշխատանքից։
Փաստաբան Արամ Օրբելյանն արձակուրդում գտնվելու պատճառով չցանկացավ անդրադառնալ դատախազի ներկայացրած պատժաչափին։ Հայտնի է միայն, որ անցած հինգշաբթի դատական նիստն անցել է առանց փաստաբանի, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրա բացակայությունը ճանաչել է անհարգելի ու հանրային պաշտպան ներգրավել Բարձր դատարանի դատավորի համար։ Թովմասյանի հետ ևս հնարավոր չէ կապ հաստատել։
Դատախազ Արսեն Մարգարյանը պնդում է՝ պաշտպանական կողմն ամեն ինչ անում է, որ դատավարությունը ձգձգվի, մինչև անցնի վաղեմության ժամկետը։ Անցած տարիներին 132 նիստերից հետաձգվել է գրեթե կեսը, ասում է՝ մեծ մասը՝ մեղադրվող կողմի պատճառով․ - «4 տարուց ավել է՝ այս գործը դատարանում քննվում է, և իմ դիտարկմամբ՝ բոլոր ջանքերը գործադրվել են պաշտպանական կողմից, որ դատական նիստերը անընդմեջ հետաձգվեն»։
Ըստ քրեական գործի՝ մի դեպքում Թովմասյանն այնպես է արել, որ իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ միասին աճուրդով գնել են համայնքին պատկանող Երևանի Բաղրամյան 1 հասցեում գտնվող հայտնի նոտարների շենքի տարածքները, իսկ Ալեք Մանուկյան հասցեի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս, Թովմասյանի գույքը այս գումարի չափով արգելանքի տակ է։