Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը մերժեց Հայաստանի ՍԴ նախկին նախագահի և երեք դատավորների դիմումը


ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում, արխիվ
ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում, արխիվ

Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ու նախկին երեք դատավորների դիմումը, որոնք պնդել էին, որ Հայաստանի կառավարությունը խախտել է իրենց իրավունքները՝ թույլ չտալով վերականգնել աշխատանքը։ Բարձր դատարանի դատավորները նաև պնդել էին, թե իրենց նկատմամբ խտրականություն է դրսևորվել՝ ժամականակից շուտ են աշխատանքից ազատել։ Եվրոպական դատարանը հիմնավոր չի համարել նաև այս մասով բողոքը։

Վճռի վերաբերյալ դատավորները չցանկացան մեկնաբանություն տալ։ Իսկ նրանց փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց՝ համաձայն չեն և քաղաքական ենթատեքստ են տեսնում:

«Այս որոշումը Եվրոպայի քաղաքական աջակցությունն է Հայաստանի գործող իշխանություններին և վերալեգիտիմացումն է արտաքին օրակարգում եղած խնդիրները լուծելու հարցում: Դատարանը, ըստ էության արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի դատավորները, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիների, այլ դատավորների, չունեն դատական պաշտպանության իրավունք Հայաստանի ներպետական օրենսդրության համաձայն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սահակյանը:

Սահմանադրական փոփոխությունները, որոնց հետևանքով Հրայր Թովմասյանն ու մյուսներն ազատվեցին աշխատանքից, նախաձեռնել էր վարչապետ Փաշինյանը։ Դեռ 2020 թվականին նա հայտարարել էր, թե երկրում սահմանադրական ճգնաժամ կա, և առաջարկել նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ դատավորներին ինքնակամ հրաժարական տալ՝ մեծ ծառայություն մատուցելով պետությանը և ժողովրդին։

«Այո, մենք ներկայացնում ենք ժողովրդին և ունենք ժողովրդի կողմից մեզ պատվիրակված լիազորություն: Իսկ Սահմանադրական դատարանը այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը, և այն պետք է հեռանա», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Թովմասյանն ու մյուս դատավորները հրաժարականի դիմում չգրեցին, ինչից հետո սկսվեց սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների գործընթաց: Արդյունքում Հրայր Թովմասյանն ազատվեց ՍԴ նախագահի պաշտոնից՝ շարունակելով պաշտոնավարել որպես դատավոր, իսկ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պաշտոնանկ արվեցին:

«Որպես իրավաբան եմ ասում․ ես երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար որպես իրավաբան, որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ», - երեք տարի առաջ նախաձեռնված փոփոխություններին այս գնահատականն էր տվել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։

XS
SM
MD
LG