Մատչելիության հղումներ

Հայաստանը 2024-ին թարմացված ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» ևս ընդգրկված է


Օդանավը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, 2021թ․
Օդանավը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, 2021թ․

Չորս տարի առաջ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում» հայտնված Հայաստանը 2024 թվականին թարմացված ցուցակում ևս ընդգրկված է, թեև 2020-ին Քաղավիացիայի կոմիտեից նշում էին, որ դուրս գալու համար երկուսուկես տարի կպահանջվի։

«23 թվականի դեկտեմբերին ունեցանք մեր գործընկերների հետ Երևանում արդեն ամփոփիչ հանդիպում, հանդիպման ընթացքում արձանագրվեց բավականին մեծ դրական պրոգրես՝ մեր աշխատանքում, մեր վերլուծություններում, մեր փաստաթղթերի արդեն համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին, և ամենամեծ խնդիրը, որ այդ պահին ֆիքսվեց եվրոպական կողմի կողմից, մեր համապատասխան տեսուչների պակաս լինելն էր», - «Ազատության» հետ զրույցում նշեց կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը:

2019-ին Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության՝ EASA-ի մասնագետները եկել էին Հայաստան՝ ուսումնասիրելու կոմիտեի աշխատանքը, ու տասնյակ խնդիրներ հայտնաբերել, ինչից հետո մի քանի ամիս անց՝ արդեն 2020-ին, Հայաստանն առաջին անգամ հայտնվեց «սև ցուցակում», ընդ որում՝ առանց բացառությունների որևէ տեղական ավիաընկերության համար։

«Սև ցուցակը» կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակը կազմում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը, որտեղից «Ազատությանը» հայտնել են.

«Շարունակվում է համակարգված աշխատանքը Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի հետ։ EASA-ը 22-23 թվականներին իրականացրել է տեխնիկական աջակցության ծրագիր Քաղավիացիայի կոմիտեի համար, ինչից հետո Եվրամիությունը շարունակում է աջակցել կոմիտեին անվտանգության ստուգումների, պլանավորման և որակի կառավարման հարցերում։ Աշխատանքների հստակ վերջնաժամկետներ չկան»։

Երևանում ևս խուսափում են ասել, թե երբ Հայաստանը կկարողանա դուրս գալ «սև ցուցակից», որտեղ այս պահին տարածաշրջանի որևէ այլ երկիր չկա, ԱՊՀ տարածքից միայն Ռուսաստանն ու Ղրղըզստանն են, իսկ ցուցակի մյուս երկրների մեծ մասը աֆրիկյան պետություններ են։ Ինչո՞ւ այս «սև ցուցակում» հայտնված Հայաստանն արդեն չորս տարի չի կարողանում դուրս գալ այդտեղից:

«Կարող ենք արձանագրել այդ կերպ, այսինքն, բավարար չեն մեր ռեսուրսները և որակավորված տեսուչների քանակը՝ ապահովելու այդ ամբողջ վերահսկողական ֆունկցիան, իրենց դժվար է գտնել մասնագետներ ամեն տեղից. պետք է ունենան համապատասխան կրթություն, պետք է առնվազն տիրապետեն շատ լավ անգլերենին», - նշեց Փայասլյանը:

Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների լիցենզիաներ է տալիս մասնավոր ընկերություններին, սակայն նրանց անվտանգության մակարդակը գնահատելու համար հենց կոմիտեն պետք է կարողանա ստուգումներ անել տեսուչների միջոցով։ Կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ վերջին տարիներին EASA-ի նկատած տասնյակ թերությունները վերացնելու զուգահեռ նաև նոր տեսուչներ են ներգրավել, դասընթացներ անցկացրել և այլն:

«Միջինացված մասնագետ վերջնական երեքից հինգ տարի է դառնում, որ կարելի է ընդունել, որ ինքը ամբողջական բավականին թանկ և բարդ ճանապարհ է անցնում տեսուչ դառնալու այդ գործընթացը», - ասաց Ստեփան Փայասլյանը:

Մինչ այդ, միայն անցյալ տարի դեպի Հայաստան ու հակառակը ուղևորների ռեկորդային՝ 5.5-միլիոնանոց հոսքի մեծ մասը սպասարկել են ոչ հայաստանյան ավիաընկերությունները։

«Չի կարելի բացառել, որ սա ԵՄ-ի համար քաղաքական ու տնտեսական շահերի հարց է»

Passenger.am ուղևորների իրավունքներով զբաղվող ընկերության համահիմնադիր Վաներ Հարությունյանն ասում է՝ իր կարծիքով՝ ավիացիայի անվտանգությունից բացի կան նաև տնտեսական քաղաքականության հարցեր։

«Մի քիչ տրամաբանական և լեգիտիմ հարց է առաջանում՝ արդյո՞ք նախկինում ավելի ուժեղացված անվտանգության միջոցառումներ է կիրառել Հայաստանը «Հայկական ավիաուղիներ», Հայաստանում գրանցված ավիաուղիների նկատմամբ, և որևէ արգելք չի եղել, քան թե հիմա: Այսինքն՝ իրավիճակը դեգրադացվե՞լ է, հարց է առաջանում, որ հիմա «սև ցուցակում» է չորս տարուց ավել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հարությունյանը:

Այս հարցի պատասխանը կոմիտեում ունեն՝ 2000-ականներին Հայաստանում ստուգումներ պարզապես չէին արվել, իսկ 2020-ին եկան ու ստուգեցին, երբ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի տրամադրած լիցենզիայով գործող տեղական ավիաընկերություններից մեկը՝ ստանդարտների բազմաթիվ խախտումներով, մի քանի անգամ դիմել էր Եվրամիություն թռչելու թույլտվություն ստանալու համար։

«Ցուցակի մեջ չկա Ադրբեջանի նման ավտորիտար, ոչ դեմոկրատական երկիրը, Պակիստանի նման վտանգավոր համարվող տարբեր միջազգային կազմակերպությունների և տարբեր կարևոր պետությունների կողմից երկիրը, Pakistan International Airlines-ը ոչ մի արգելք չունի, Հայաստանը ունի: Այսինքն՝ այստեղ նաև տնտեսական և քաղաքական կոմպոնենտը կա, պետք է դրա մասին թափանցիկ և բացեիբաց խոսել: Տեխնիկական խնդիր, վստահ եմ, կա, բայց այնպիսի խնդիրներ չեն, որ Հայաստանը ի վիճակի չլինի դրանք հաղթահարել», - ընդգծեց Վաներ Հարությունյանը:

Այնուամենայնիվ, կոմիտեում հակված չեն քաղաքական պատճառներ փնտրել։ Ասում են՝ փաստ է՝ իրենք չեն համապատասխանել չափանիշներին, և հիմա վերացնում են եվրոպացի գործընկերների մատնանշած խնդիրները։

«Սա մեկ օրում կուտակված խնդիր չէր, սա տարիների ընթացքում եկած՝ ունենալով իր սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրները, մարդկային ռեսուրսների պակաս: Բնականաբար՝ նաև հարցը բարձրացվել է տարբեր միջազգային ատյաններում, թե՛ մեր եվրոպական մեր մակարդակում, նախարարի մակարդակում կամ ավելի բարձր մակարդակներում: Բայց, ինչպես նշեցի, գործընթաց կա, որ պետք է պարտադիր անցնենք», - հայտարարեց Ստեփան Փայասլյանը:

Չեն բացառում, որ այս տարվա վերջին նորից կդիմեն EASA-ին Հայաստանում ստուգումներ ու գնահատում անցկացնելու համար, բայց նորից հստակ չէ՝ կհաջողվի՞ դուրս գալ «սև ցուցակից», թե՞ ոչ։ Այս ընթացքում, Վաներ Հարությունյանի խոսքով, ոչ միայն հայաստանյանն ընկերություններն են զրկվում ԵՄ երկրներ թռչելու հնարավորությունից, այլև երկրի հեղինակությունն է շարունակում վնասներ կրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG