Մատչելիության հղումներ

Ինչպես է Հայաստանում գրանցված «Բոինգ»-ը հայտնվել Իրանում՝ դեռ չի հաջողվում պարզել


Boeing 737-300 օդանավ, արխիվ
Boeing 737-300 օդանավ, արխիվ

Արդեն հինգերորդ օրն է՝ չի հաջողվում պարզել, թե ինչպես է Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության «Բոինգ» ինքնաթիռը հայտնվել Իրանի տարածքում։ Թե՛ Հայաստանի քաղաքացիական ավիացիան, թե՛ Fly Armenia Airways ավիաընկերությունը, որի ռեգիստրում գրանցված էր ինքնաթիռը, բոլոր հարցումներին տալիս են միևնույն պատասխանը՝ քննություն է ընթանում, լրացուցիչ տեղեկություն լինելու դեպքում կհրապարակեն։

Ու քանի դեռ Հայաստանում փորձում են պարզել, ԱՄՆ-ը հորդորում է այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը, հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում, «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան ասել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Ավելի վաղ Fly Armenia Airways ավիաընկերությունը պարզաբանել էր, որ վարձակալած B737-300 օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում, ինչից հետո՝ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը, սակայն փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Իրանում։

«Տալլիննից թռել է, Fly Armenia-ն ասում էր պաշտոնական հայտարարության մեջ, թե «Հոստոմել» պիտի թռչեր, բայց տեսնում եք՝ ինչքան «Հոստոմել»-ից շեղ է թռել, ու ընդհանրապես «Հոստոմել»-ի վրա նստելու հետագիծ էլ չի ունեցել, որովհետև եթե նստել ուզենար, կգար, մի հատ կնստեր, կարող է շեղեր ուղղությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Hetq.am կայքի լրագրող Վահե Սարուխանյանը։

«Հետք»-ի լրագրողը թռիչքներին առցանց հետևող կայքերի միջոցով փորձել է պարզել ЕK-FAA գրանցումով օդանավի թռիչքների պատմությունը։ Օդանավը մինչ Հայաստանում գրանցվելը գրանցված է եղել լիտվական GetJet Airlines-ի կողմից, և որոնումների արդյունքով` այդ ինքնաթիռը վերջին թռիչքը կատարել է 2020 թվականի ապրիլի 6-ին։ Դրանից հետո արդեն այն գրանցվել է Հայաստանում, Fly Armenia Airways ավիաընկերության ռեգիստրում:

«Հայաստանում գրանցված օդանավերն են, փետրվարի 1-ի դրությամբ եղել է 19 օդանավ, ինքը գրանցվել է դեկտեմբերի 30-ին՝ մինչև 25 թիվը, օգոստոսի 20-ը», - նշեց Սարուխանյանը։

Հայաստանում գրանցվելուց հետո օդանավը չի շահագործվել, և առաջին թռիչքը հենց փետրվարի 19-ին էր՝ դեպի Վառնա։ Այնտեղից փետրվարի 20-ին Թուրքիայի տարածքով B737-300 օդանավը ուղղություն է վերցրել դեպի Իրան՝ վայրէջք կատարել «Մեհրաբադ» օդանավակայանում։ Կիևի և Թեհրանի միջև հեռավորությունը ուղիղ գծով կազմում է 2346 կմ, իսկ թռիչքային ժամանակը կազմում է 3 ժամ 25 րոպե: Թե ինչ անհայտ պատճառներով օդանավը կարող էր այսքան շեղվել՝ այս հարցի պատասխանը արդեն 5 օր է փորձում է պարզել նաև քննությունը։

«Լավագույն սցենարը, կարծում եմ, այն կլինի, որպեսզի ինքնաթիռը հետ բերվի։ Իր արդեն հետևությունները ամերիկյան կողմը կանի՝ կապված սրա հետ, այդ թվում նաև վստահության հետ կապված ինչ-որ հարցեր կլինեն, մանավանդ որ մեր քաղավիացիան բավականին բարդ վիճակում է հայտնվել՝ գիտեք, որ սև ցուցակում են հայտնվել նաև հայկական բոլոր ինքնաթիռները, որոնք մեկնում են Եվրոպական միություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Համենայն դեպք, այս պահի դրությամբ սա լավագույն սցենարն է, վատագույն սցենարը, բնականաբար, հետաքննության արդյունքում պարզելն է, թե ովքեր են մեղավոր եղել, ինչ ճանապարհով է հայտնվել՝ առևանգվել է, նվեր են տվել, վաճառել են, չգիտեմ, էս բոլոր պրոցեսները երբ որ պարզվեն, արդեն Միացյալ Նահանգներն էլ համապատասխան հետևություններ կանի, և եթե եղել են մեղավորներ, բնականաբար, ոչ միայն ներքին ընթացակարգերով և օրենսդրական ակտերով կպատժվեն, այլ նաև հնարավոր է՝ ամերիկյան պատժամիջոցներ լինեն շատ կոնկրետ ուղղություններով»։

Սովորաբար ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառում է կոնկրետ անձանց կամ կազմակերպությունների, բացառիկ դեպքերում՝ նաև պետությունների նկատմամբ։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նկատում է՝ Հայաստանում գործող ընկերություններից արդեն պատժամիջոցներ կիրառվել են, օրինակ՝ «Մահան Էյր» ավիաընկերության և Հայաստանում գրանցված իրանական բանկի նկատմամբ։ Այդ պատժամիջոցները կարող են տարբեր լինել՝ գործողությունների սահմանափակումներից ու հաշիվների կալանքներից մինչև ընտանիքի անդամների ու նրանց հետ փոխկապակցված անձանց ԱՄՆ մուտքի արգելք։

«Եթե հայկական ավիաընկերությունը հայտնվում է պատժամիջոցների տակ, բնականաբար, սա Հայաստանի տնտեսության համար նույնպես խնդրահարույց է։ Ես կարծում եմ, որ էֆեկտիվ կառավարման բացակայության մասին է խոսում, ոլորտում բարձիթողի վիճակի մասին է խոսում, որովհետև ասեղ չէր, որ ուղղակի կորեր՝ սա ինքնաթիռ է», - ընդգծեց Սարգսյանը։

«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանն արձանագրում է՝ լուռ է նաև իրանական մամուլը, սակայն պարսկալեզու պարբերականները, որ Իրանից դուրս են գործում, նշում են, որ սա ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու ընդունված տարբերակ է Իրանում։

«Սա սովորական դեպք է՝ իրենք ինչ-որ երրորդ երկրից օդանավ են գնել։ Մինչև հիմա իրենք նաև օդանավներ են գնել Իրաքից, գնել են Տաջիկստանից, գնել են Ուզբեկստանից, տարբեր ավիաընկերություններից, և սա էլ հերթականն է։ Նույն «Բոինգ»-ից Caspian Airlines-ը հինգ հատ ունի, այսինքն՝ սա լինում է վեցերորդը։ Հիմա կամ սա կօգտագործեն որպես նորոգման համար, այսինքն՝ էն հինգի, կամ մնացածի նորոգման համար, կամ էլ կօգտագործեն որպես սովորական օդանավ, որը միջիրանական թռիչքներ կկատարի», - ասաց Մինասյանը։

«Բայց սա առևանգվել է, վաճառվել է՝ այդ մասին ոչինչ չկա՞», - այս հարցին Ռուբիկ Մինասյանն արձագանքեց․ - «Ոչինչ չկա, սա վաճառվել է»։

Ի դեպ՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ օդանավը եղել է առանց ուղևորների, և օդաչուները այլազգի էին։

XS
SM
MD
LG