Մատչելիության հղումներ

Տաթևիկ Ռևազյան. ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն 2.5 տարի կպահանջվի


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան, արխիվ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան, արխիվ

Եվրամիության (ԵՄ) ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։ Ըստ Տաթևիկ Ռևազյանի` չնայած իրենք Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած թերությունների մի մասը շտկել են ու դեռ շարունակում են աշխատանքերը, կոմիտեում դեռ լուրջ խնդիրներ են առկա։

«Լիքը օրենսդրական փոփոխություններ պետք է անենք, որ կարողանանք այդ մակարդակի հասնենք, ինչը մեզանից պահանջվում է: Մի քանի անգամ ես նշել եմ, որ ինքնաֆինանսավորման հարցը պետք է լուծվի, որ մենք կարողանանք այլ աղբյուր ունենալ ֆինանսավորման, պետք է աշխատավարձերը բարձրացնենք, որ կարողանանք մասնագետներին ներգրավել»,- ասաց նա:

Երեկ հրապարակված որոշմամբ Եվրահանձնաժողովը Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերություններին ընդգրկել է Եվրամիության (ԵՄ) սև ցուցակում` զրկելով նրանց դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից։ Այդ ավիաընկերություններն, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։

Հանձնաժողովը դեռևս անցած տարեվերջին էր արձանագրել խնդիրներն ու սկսել ուժեղացված վերահսկողությունը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ։ Այնտեղից հայտնել էին, որ խնդիրն առաջացել էր, երբ Taron Avia, Atlantis European Airways և «Ավիակամպանիա Արմենիան» ցանկացել էին չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա։ Նրանց թույլտվություն տալու համար Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունն ուսումնասիրություններ էր անցկացրել ու լուրջ խնդիրներ հայտնաբերել Taron Avia-ում, որն այս պահին չի գործում։

Խնդիրները քաղավիացիայի ոլորտում նոր չեն, կոմիտեի կողմից պատշաճ վերահսկողություն և լիարժեք սերտիֆիկացման գործառույթներ չեն իրականացվել տարիներ շարունակ, հայտարարում է կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Ասում է՝ նմանօրինակ խնդրի Հայաստանն առնչվել է դեռևս տարիներ առաջ.- «2011 թվին նման խնդիր ենք ունեցել, և այդ խնդիրը մինչ այսօր կա. Արաբական Միացյալ Էմիրություններում էլի կասկածանք էր եղել դեպի մեր Քաղավիացիայի կոմիտեն, այսինքն` մեր ավիաընկերություններին իրենք ստուգել էին Դուբայում, խնդիրներ էին հայտնաբերել և անվստահության հիման վրա եկել են Հայաստան, ստուգել են կոմիտեին»:

1993-1996 թվականներին Քաղավիացիայի ոլորտի պատասխանատու Շահեն Պետրոսյանը ևս համոզված է՝ կոմիտեում արձանագրված թերությունների գերակշիռ մասը նախկինում տեղի ունեցած ապօրինությունների հետևանք են, իսկ դրանց, Պետրոսյանը վստահ է, կոմիտեի ներկայիս ղեկավար կազմը պատշաճ ուշադրություն չի դարձրել.- «20 տարվա այ էս կատաստրոֆան որ տեղի ունեցավ, ուղղակի վերացվեց հայկական ավիացիան, և ոչ ոք չի ուզում դա շտկի: Հասկանո՞ւմ եք` «Հայկական ավիաուղիները» մեր դրոշակակիրն էր, մեր պարծանքն էր, և նրանք ոչնչացրին «Հայկական ավիաուղիները»:

Ի դեպ, ԵՄ ավիացիոն սև ցուցակում հայտնված հայաստանյան 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթներ իրականացրել՝ «Ավիակոմպանիա Արմենիան» ու Atlantis European Airways-ը, սակայն վերջինս միայն չատերային թռիչքներ է կազմակերպել։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ընդունում է՝ բացթողումներ իր ղեկավարման ընթացքում էլ են եղել.- «Լուրջ խնդիր է այսինքն, թե ինչի դա չէր զեկուցվել մեր աշխատակիցների կողմից: Մի մասի բացատրությունը նա է, որ իրենք չէին հասկացել` ինչքան լուրջ է խնդիրը Հայաստանում, բայց մյուս մասն էլ կա, որ կային նամակներ, որ չէին զեկուցվել ինձ, շատ կարևոր նամակներ Եվրոպայից»:

Դատախազությունում, ի դեպ, կոմիտեի պաշտոնյաներին առնչվող երկու քրեական գործ։ Ըստ դրանցից առաջինի` կոմիտեի որոշ պաշտոնյաներ իրենց դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, իսկ մյուս քրեական գործը 2016-ից 2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում կեղծիք կատարելուն է առնչվում։

Անդրադառնալով Եվրահանձաժողովի որոշմանը` ԵՄ տրանսպորտի գծով հանձնակատար Ադինա Վալեանը հայտարարել է, որ սև ցուցակում ներառվելը պետք է օգտագործվի որպես գործիք, որն օգնում է ավիաընկերություններին ու պետություններին վերանայել ու բարելավել իրենց թռիչքային չափանիշները։

Շահեն Պետրոսյանի խոսքով.- «Պատժամիջոց չի принципи, ինքն օգնել է Հայաստանին, ասել է` այն, ինչ որ դուք պիտի անեիք, ես ձեր փոխարեն անում եմ` ես զրոյացնում եմ, նախկինում ինչ կեղտոտ բաներ կատարվել են, ես ինքս եմ զրոյացնում և ձեզ շանս եմ տալիս, նոր ընկերություն երբ որ կստեղծեք, ես կգամ, կստուգեմ: Ինքը չի արգելում քեզ նոր ընկերության լիցենզիա կամ գրանցում տալու: Ինքն ասում է` ես կգամ, կստուգեմ, եթե թռիչքների անվտանգությունն ապահովված է, ես թույլ կտամ Եվրամիություն թռչել կամ չթռչել»:

Քաղավիացիայի կոմիտեից պարզաբանում են՝ արգելքը չի ազդի քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով, ինչպես նաև այլ ուղղություններով իրականացվող թռիչքների վրա։ Թռիչքները ԵՄ-ից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ կշարունակեն նաև այլ միջազգային ավիաընկերությունները։

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակն այսօր պատասխանատուների հետ քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Քաղավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչև 2022 թվականի նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և ժամանակացույց: Ըստ տարածված հաղորդագրության՝ Կառավարության ղեկավարն ասել է, որ միջոցառումները պետք է ձեռնարկվեն ոչ միայն թռիչքային անվտանգության մակարդակի բարելավման, այլև տեղական ավիացիայի մրցունակության բարձրացման ուղղությամբ։

XS
SM
MD
LG