Մատչելիության հղումներ

Դեռ անորոշ է, թե հայաստանյան ավիափոխադրողները երբ կվերսկսեն թռիչքները ԵՄ տարածքում


«ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում» կամ ավելի պարզ՝ «սև ցուցակում» հայտնվելուց ավելի քան 2 տարի անց էլ անորոշ է, թե հայաստանյան ավիափոխադրողները, երբ կկարողանան թռիչքները վերսկսել Եվրամիության տարածքում։

Եվրոպացի ավիացիոն մասնագետները սեպտեմբերի վերջին Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում ուսումնասիրություններ են արել ու «սահմանափակ առաջընթաց» գրանցել։ Մինչդեռ Քաղավիացիայի կոմիտեում պնդում են՝ եվրոպացի մասնագետները տպավորված են հեռացել Երևանից։

«Հիացած էին կատարված աշխատանքով։ Շատ ջերմ խոսքերով՝ ասում էին, որ չէին սպասում, իրենց համար անակնկալ էր, որ մենք ունեինք հսկայական պրոգրես», - ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը։

Այդ դեպքում ինչո՞ւ է եվրոպական կառույցը երկրորդ անգամ անբավարար գնահատել Հայաստանի առաջընթացը ու Քաղավիացիայի կոմիտեն թողել «սև ցուցակում»։ Հայաստանցի պաշտոնյան ասում է՝ կոմիտեում փորձում են հասկանալ։

Ոլորտը կարգավորող գերատեսչությունը 2020 թվականի հունիսին «սև ցուցակում» էր հայտնվել անվտանգության վերահսկման հնարավորությունների բացակայության պատճառով։ Եվրոպացիներն արձանագրել էին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի համապատասխանում միջազգային անգամ նվազագույն չափորոշիչներին։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյան
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյան

«Իրենք ասում են, որ Եվրոպա թռնելու համար պիտի ունենանք սերտիֆիկացված տեսուցչներ՝ եվրոպական ստանդարտների համաձայն, Հայաստանում առայժմ չկա ոչ մի հատ տեսուչ», - ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը։

Իսկ ավիացիոն տեսուչներ պատրաստելու համար ոչ միայն ժամանակ է հարկավոր, այլև ֆինանսներ, ասում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։ Ըստ նրա, մեկ մասնագետի ուսման համար 30 հազար եվրո է անհրաժեշտ. - «Արդեն պայմանագիր ենք կնքել, որ մեր մասնագետները կստանան պահանջվող թրեյնինգները»։

Մեկ այլ բան է նաև որակյալ կադրերին պահելը։ Կոմիտեի ղեկավարն ասում է, թե ցածր, ոչ մրցունակ աշխատավարձերը մասնագետների արտահոսքի պատճառ են դառնում։

Քաղավիացիայում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին ոչ միայն կոմիտեի ներկայիս ղեկավարն է խոսում, այլև նրա նախորդը՝ 4 տարի ոլորտը ղեկավարած Տաթևիկ Ռևազյանը. - «Պարզ է, մարդ եթե կարա 200 հազար դրամի աշխատավարձը թողնի և գնա 5-10 հազար դոլար աշխատավարձ ստանա Հայաստանում, ինքը դա կանի։ Հնարավոր չի մեղադրել, դա բնական ճանապարհ ա։ Հիմա մենք պետք ա հասկանանք ոնց ենք կարողանում էդ խնդիրը լուծենք։ Եվ իրականում փաթեթ ա ներկայացվել կառավարություն։ Դա իմ ավարտական պրոեկտն էր, ես շատ էի կարևորում»։

Ռևազյանը կարծում է, որ կառույցի ծառայությունները պետք է վճարովի լինեն, ինչպես բազմաթիվ զարգացած երկրներում. - «Քաղավիացիաները իրավունք ունեն գանձեն գումար իրենց մատուցած ծառայությունների դիմաց, և դրա հիման վրա կարողանում են բարձր աշխատավարձ տրամադրեն մասնագետներին և ռեսուրսի խնդիրը լուծել»։

Քաղավիացիայի նախկին ղեկավարն ասում է՝ այս դեպքում ոլորտը վերակենդանացնելու հնարավորություն կստեղծվի։ Տաթևիկ Ռևազյանը հիմա թռիչքային և ավիացիոն անվտանգության ոլորտում գործող միջազգային ընկերություններից մեկի զարգացման փոխնախագահն է, Հայաստանից հեռավար է աշխատում։

Կոմիտեն ինքնաֆինանսավորվող կառույց դարձնելու քննարկումները նոր չեն, այս մասին դեռ երկու տարի առաջ վարչապետն էր խոսել. - «Պատշաճ մասնագետներ ներգրավելու համար և այդ թվում իր լիազորությունները կատարելու լծակներ ստանալու համար»։

Իսկ ինչու՞ գործադիրը չգնաց այդ փոփոխությանը, կառավարությունից դեռ չի հաջողվել պարզել։

Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը դեռ 2 տարի առաջ հայտարարել էր, որ Հայաստանից առնվազն 2 տարի կպահանջվի ԵՄ սև ցուցակից դուրս գալու համար։ Արդյո՞ք դա էր կառույցից ղեկավարի պաշտոնից հեռանալու պատճառը։ Կտրականապես հերքեց։ Ասաց՝ հասել էր իր առջև դրած 2 կարևոր խնդիրներին. - «Երկու կոնկրետ նպատակ կար՝ ստեղծել ազգային ավիափոխադրող, մրցունակ ազգային փոխադրող, և երկրորդը, ներգրավվել ավիաընկերություններ, հատկապես լոուքոսթ ավիաընկերություններ Հայաստանում։ Նպատակներիս հասա, հայտատարվեց, որ «Ֆլայ Առնան» բացվեց, ես հրաժարականս տվեցի։ Այսինքն՝ կապ չունի սև ցուցակի հետ, կապ չունի որևէ խնդրի հետ։ Ես էլ այդ նույն աշխատավարձով չեմ կարա անվերջ մնամ այդ կառույցում»։

1993-1996 թվականներին Քաղավիացիայի ոլորտը ղեկավարած Շահեն Պետրոսյանն ասում է՝ խնդիրներն այստեղ համակարգային են, դրանք ավելի քան 20 տարվա պատմություն ունեն։ Զարգացման հստակ ռազմավարություն չի եղել, Քաղավիացիայի կոմիտեն էլ տարիներ շարունակ լուրջ վերահսկողություն չի իրականացրել։ Դրա հետևանքով է նաև, որ Հայաստանում գրանցված օդանավերը տարիներ շարունակ աֆրիկյան երկրներում անօրինական թռիչքներ են իրականացրել. - «2004 թվականն էր կարծեմ, մեր օդաչուներին որ ձերբակալել էին Գվինեայում, էդ ժամանակ մենք իմացանք, որ ուղղակի զենք էին տեղափոխում Գվինեայում հեղաշրջում անելու համար»։

Հիմա ԵՄ սև ցուցակում ինքնաբերաբար նաև Հայաստանում գրանցվող նոր ավիափոխադրողներն են ընդգրկվում։ Ինչո՞ւ ավիացիոն անվտանգության եվրոպական կառույցը բացառություններ չի անում առանձին, այս դեպքում հայաստանյան նոր խաղաղոցների համար, ինչպես դա արվել է Մոլդովայի դեպքում։ «Ազատությունը» նաև այդ հարցերը ստանալու համար դիմել է Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությանը։ Կառույցից դեռ չեն արձագանքել։

Մինչ այդ Քաղավիացիայի կոմիտեում համոզված են՝ ևս 2 տարի կպահանջվի Եվրամիության «սև ցուցակից» դուրս գալու համար։

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG