Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ: Պատճառն, ըստ հանձնաժողովի, անվտանգության վերահսկման նվազման նախանշաններն են։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը պարզաբանում է՝ խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ Taron Avia, Atlantis European Airways և «Ավիակոմպանիա Արմենիա»-ն ցանկացել են չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա. փորձել են թույլտվություն ստանալ։

«Ավիակոմպանիա Արմենիա»-ն անցել է այդ աուդիտը, Atlantis European Airways-ը անցել է, բայց՝ խնդիրներով, իսկ Taron Avia-ն չի անցել, և բացահայտվել են շատ լուրջ խնդիրներ, որոնք ուղիղ ազդել են թռիչքային անվտանգության վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռևազյանը:

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության ուսումնասիրություններից հետո Taron Avia-ում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն էլ է ստուգումներ իրականացրել։ Խնդիրները վերացնելու համար կոմիտեն վեց ամիս է տրամադրել, Տաթևիկ Ռևազյանն ասում է՝ Taron Avia-ի ղեկավարներն ասել են, թե այդ ժամանակահատվածում չեն կարող վերացնել թերությունները։ Որոշվել է՝ ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում։

Ռևազյանը խոստովանում է՝ իրենք թերացել են. կոմիտեն պետք է ի սկզբանե բացահայտեր խնդիրները․ - «Դա մեր պատասխանատվությունն է, և մենք պետք է նկատեինք, և չենք նկատել: Դա խնդիր է: Ինձ թվում է՝ հիմնական պատճառը նա է, որ մենք ռեսուրսների խնդիր ունենք»:

Կոմիտեում աշխատավարձերը մրցունակ չեն, իսկ լավ մասնագետները կամ մասնավոր հատվածում են նախընտրում աշխատել, կամ էլ՝ միջազգային ավիաընկերություններում՝ անհամեմատ ավելի բարձ աշխատավարձով։

Ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանն առաջացած խնդիրը կապում է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարության հետ, ասում է՝ հիմա կոմիտեում մատների արանքով են նայում վերահսկողությանը։ «Էլ չեմ ասում՝ կադրային բազան շատ-շատ թուլացել է, շատ-շատ: Այսինքն, գիտեմ, որ մոտ 7-8 ուժեղ մասնագետներ, հենասյուներ, կարելի է ասել, որոնք աշխատում էին կոմիտեում, դուրս են եկել՝ չցանկանալով աշխատել Տաթևիկ Ռևազյանի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Ռևազյանը հակադարձում է՝ կոմիտեում խնդիրները նոր չեն, դրանք մինչ իր գալն էլ կային։ «Պետք է իրականում մի տաս տարի առաջ լուծվեր, չի լուծվել, բայց հիմա մենք դրանով զբաղվում ենք», - ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

Ավիացիայի մասնագետները մտավախություն ունեն՝ Եվրոպական հանձաժողովը հաջորդ անգամ հնարավոր է այսպես ասած «սև ցուցակ» գցի Հայաստանին՝ արգելելով չվերթները։

«Մենք պետք է թույլ չտանք, որ մեր պետությունը հայտնվի այդ ցուցակում դա պարզ է», - շեշտեց Տաթևիկ Ռևազյանը:

Ռևազյանն ասում է՝ խնդրի պատճառն այն է, որ Հայաստանում տարիներ շարունակ տարբեր ավիաընկերություններ են գրանցվել, որոնք հետագայում իրենց գործունությունն իրականացրել են աֆրիկյան երկներում, իսկ կոմիտեն նրանց գործունեությունը վերահսկել ի վիճակի չէ։


XS
SM
MD
LG