Մատչելիության հղումներ

Հայաստան-Հունաստան, Հայաստան-Հունաստան-Կիպրոս պաշտպանական խորհրդակցություններ Աթենքում


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Աթենքում նախօրեին տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Հայկական նպատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024-ին կատարված աշխատանքները և 2025-ի անելիքները։

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների և չափորոշիչների ներդրման հարցերը։ Լևոն Այվազյանը կարևորել է Հունաստանի ու Կիպրոսի ներդրումը ՀՀ զինված ուժերի տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմական կրթության, վարժանքների և զորավարժությունների, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության ու այլ ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագրերը։

2023-ի դեկտեմբերին Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեցին՝ պայմանավորվելով նոր թափով զարգացնել համագործակցությունը՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։

2023-ի հուլիսին Կիպրոսում տեղի ունեցան Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ, քննարկվեցին երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

XS
SM
MD
LG