Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է. «Ձեր այցը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության ու համերաշխության վառ վկայությունն է: Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում»:
Վարչապետի խոսքով՝ երկու երկրներն ունեն ընդհանուր արտաքին մարտահրավերներ, և Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ գործընկերության խորացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության:
«Մեր ժողովուրդներն ունեն պատմականորեն ձևավորված սերտ կապեր, ընդհանուր մարտահրավերներ, և մենք հետաքրքրված ենք խորացնելու հայ-կիպրական համագործակցությունը», - նշել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ:
Վարչապետն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին: Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է շարունակում մնալ հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը, որոնց Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Նախարար Պետրիդեսը Կիպրոսի զորակցությունն է հայտնել Հայաստանին այս գործում:
Քննարկվել են պաշտպանության, կրթության, տեխնոլոգիաների, ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, հայ-կիպրական համաժողովի անցկացմանը, զբոսաշրջային կապերի խթանմանը, օդային ուղիղ հաղորդակցության հաստատմանը, նաև դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությանը վերաբերող հարցեր: