Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում՝ Ռուսաստան-Արևմուտք հակասություններ


ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի պատասխանները, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկված հարցերը մեկնաբանվում են մեկ հիմնական տեսանկյունից՝ Մոսկվան ձգտում է վերահսկել հայ-ադրբեջանական կարգավորումը և չեզոքացնել Արևմուտքի ջանքերը։

«Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված դարավոր կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արևմուտքը։

Մարիա Զախարովան և Ջեյմս Օ՛Բարյենը
Մարիա Զախարովան և Ջեյմս Օ՛Բարյենը

«Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է՝ միջազգային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ իրականություն, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ», - ասել է Զախարովան՝ հավելելով, թե «պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին և մտադիր ենք դա անել նաև ապագայում»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Օ՛Բրայենը որևէ նոր բան չի ասել, միայն հաստատել է այն, ինչի մասին Մոսկվան պարբերաբար զգուշացնում է գործընկերներին, այդ թվում՝ Երևանում՝ Արևմուտքն ապակառուցողական օրակարգ է առաջ մղում Հարավային Կովկասում, որի հիմնական նպատակը մեկն է՝ «մասնատել տարածաշրջանի տարածքը՝ քանդելով Ռուսաստանի պատմական կապերը իր ավանդական դաշնակիցների ու հարևանների հետ»:

Հարավային Կովկասում անվտանգություն հաստատելու գործընթացում Արևմուտքի ջանքերի թեման Իլհամ Ալիևի հետ օգոստոսի 6-ին Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել է նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իլհամ Ալիևին, 6-ը օգոստոսի, 2024թ.
Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իլհամ Ալիևին, 6-ը օգոստոսի, 2024թ.

Երեկ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցությանը նրան ասել էր, որ զեկուցի Իրան և Ադրբեջան կատարած այցերի մասին։ Թե ինչ է զեկուցել Շոյգուն չի հաղորդվում, բայց ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են հարցերի լայն շրջանակ:

«Դա, իհարկե, առաջին հերթին Հարավային Կովկասի անվտանգությունն է, դա խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի հետ, որի 10-րդ խմբագրված փաթեթը փոխանցվել է Երևանին, դա, իհարկե, Արևմուտքի շատ ակտիվ ջանքերն են միջամտելու այդ գործընթացին», - ասել էր Շոյգուն, հավելելով, որ քննարկվել են նաև տրանսպորտային ծրագրեր, մասնավորապես «Հյուսիս-Հարավ» միջանցքը, ինչպես նաև «3+3» ձևաչափով բանակցությունները, որը Շոյգուի կարծիքով՝ օգտակար է հեռանկարում Հարավային Կովկասում կայունություն հաստատելու համար։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը Արևմուտքին թույլ չի տա հանգիստ մտնել տարածաշրջան»

Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե Մոսկվան հետաքրքրված չէ, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ եթե այն ստորագրվի, Երևանն ակտիվորեն կզարգացնի հարաբերությունները Արևմուտքի հետ։

«Եթե Հայաստանը անվտանգության խնդիրներ չունենա, նա Արևմուտքին ինտեգրվելու ավելի լուրջ քայլեր կձեռնարկի։ Չնայած Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում, բայց ամբողջովին չի հեռացել։ Նրանք մնում են Եվրասիական միությունում։ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից։ Եթե նույնիսկ խաղաղության համաձայնագիրը լինի, Ռուսաստանը կցանկանար, որ այն ստորագրվեր իր համար ցանկալի ձևաչափով, օրինակ, Մոսկվայում։ Մենք ցանկանում էինք, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը ստորագրի կարճ ժամկետում, քանի որ մենք սպասում էինք, որ Ռուսաստանը կբացահայտի իր կայսերական ամբիցիաները։ Այսօր այդ ամբիցիաները հստակ տեսանելի են», - ասել է Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպանը։

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը ԱՊՀ տարածքը համարում է իր շահերի գոտի. - «Վրաստանի վերջին իրադարձությունները հաստատում են, որ Ռուսաստանի դիրքորոշումներն ամրապնդվում են, իսկ 5-րդ շարասյունը թույլ չէ։ Փորձեր կլինեն նաև Հայաստանում»:

Մամեդովի կարծիքով՝ Ռուսաստանը փորձելու է վերադարձնել Ուկրաինայի պատերազմի պատճառով կորցրած նախաձեռնությունը։ «Մինչ Ադրբեջանը գերադասում է առաջնահերթությունը տալ դաշնակցային հարաբերություններին, Ռուսաստանը ավելի հավակնոտ կլինի։ Նա կարող է Բաքվից որոշակի պարտավորություններ ստանալու պահանջներ դնել։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը Արևմուտքին թույլ չի տա հանգիստ մտնել տարածաշրջան։ Թերևս նա կարող է հանդուրժել Եվրամիության և ԱՊՀ երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացումը, բայց սպառնալից կեցվածք կընդունի ռազմա-քաղաքական հարաբերությունների հարցում», - ընդգծել է ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը։

Փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները, որի շուրջ մեկնաբանությունները չեն դադարում, հնչել են ԱՄՆ-ի Սենատում «Եվրոպայի ապագան» թեմայով կազմակերպված լսումներում։ Նրան նաև հարցրել էին, թե արդյոք Մոսկվան խոչընդոտո՞ւմ է Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության ջանքերին։ Փոխպետքարտուղարը պատասխանել էր, թե Ռուսաստանը ցանկանում է, որ ամեն ինչ իրականացվի իր պայմաններով։ «Անկեղծ ասած, երկու երկրներն էլ հիասթափված են այս իրավիճակից»,- ասել էր Ջեյմս Օ՛Բրայենը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG