Մատչելիության հղումներ

Չիկագոյում այսօր մեկնարկում է Դեմոկրատական կուսակցության համագումարը, Հարիսն իր առաջին մեծ ելույթը կունենա


Քամալա Հարիս, Թիմ Ուոլս
Քամալա Հարիս, Թիմ Ուոլս

Այսօր Չիկագոյում մեկնարկում է Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը՝ գրեթե մեկ ամիս անց այն պահից, երբ ընտրապայքարից նախագահ Ջո Բայդենի դուրս գալն արմատապես փոխեց նախագահական մրցավազքը։ Միջոցառումը, որը կհեռարձակվի հեռուստատեսությամբ, փոխնախագահ Քամալա Հարիսին, որն արդեն հաստատվել է որպես կուսակցության թեկնածու, հնարավորություն է տալիս ներկայացնել իր ծրագրերն ու գաղափարներն ամբողջ երկրի առջև: Միևնույն ժամանակ դրսում բողոքի բազմամարդ ցույցեր են սպասվում, որոնք նպատակ ունեն ճնշում գործադրել կուսակցական առաջնորդների վրա Իսրայելին ԱՄՆ տրամադրած ռազմական աջակցության կապակցությամբ:

Մեկ ամիս էլ չկա, ինչ նախագահ Ջո Բայդենն անակնկալ հրաժարվեց վերընտրվելու գաղափարից, դուրս եկավ ընտրապայքարից՝ հարթակը տրամադրելով փոխնախագահ Քամալա Հարիսին, ով այսօր առաջին մեծ ելույթը կունենա Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում:

Չիկագոյում մեկնարկող քառօրյա միջոցառումը դեմոկրատների աջակցությունը բազմապատկելու լուրջ հնարավորություն է՝ ընդամենը երեք ամսից՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ: Այս համագումարում է, որ կուսակցության կողմից գերտերության նախագահի պաշտոնի համար առաջադրված նոր թեկնածուն՝ Քամալա Հարիսն ընտրողների հետ կապ հաստատելու՝ հեռուստաեթերի հնարավորություն կունենա ամենադիտվող ժամերին, «Ազատության»-ն ասել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի պրոֆեսոր Փիթեր Լոջը։

Հարիսը 2020-ի նախնական ընտրություններում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու՝ ընդդեմ Ջո Բայդենի և պարտվել: Այսպիսով, որոշ դեմոկրատներ նրան ճանաչում են այդ օրերից, որոշ ամերիկացիներ, որոնք մեծ ուշադրություն են դարձնում քաղաքականությանը, գիտեն, թե ով է նա որպես փոխնախագահ, սակայն սա նրա համար առաջին հնարավորությունն է ամերիկյան լայն լսարանին ասելու՝ «ահա թե ով եմ ես: Ահա թե հանուն ինչի եմ հանդես գալիս: Ահա թե ինչ ծագում ունեմ ես: Ահա թե որն է իմ մոտեցումն Ամերիկայի առջև ծառացած խնդիրներին, և որն է իմ տեսլականը դրանց լուծման հարցում»։

Այս համագումարում առաջին անգամ հարթակ կբարձրանա նաև Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսը՝ որպես Հարիսի կողմից Միացյալ Նահանգների փոխնախագահի թեկնածու։ Առաջիկա օրերը քննություն կլինեն նաև նրա համար, ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսորը։

Փիթեր Լոջ


Մինեսոտան հիանալի և գեղեցիկ նահանգ է, բայց խիտ բնակեցված չէ, և Թիմ Ուոլսն այնքան էլ հայտնի չէ։

Կուսակցությունների համագումարների մեծ մասում նախագահի թեկնածուն պաշտոնապես ընտրվում է, այնուհետև ընդունում է առաջադրումը: Դոնալդ Թրամփը որպես Հանրապետական կուսակցության թեկնածու առաջադրվել է հուլիսին կայացած համագումարում։ Սակայն Հարիսն առաջադրվեց վաղաժամ՝ ինտերնետային քվեարկության միջոցով, որն իր տեսակում առաջինն էր, քանի որ մրցապայքարից Բայդենի դուրս գալուց հետո կուսակցության պատվիրակները շատ արագ միավորվեցին նրա շուրջ:

«Ես հպարտ եմ հաստատել, որ փոխնախագահ Հարիսը հավաքել է համագումարի բոլոր պատվիրակների ձայների ավելի քան մեծամասնությունը և կլինի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: Փոխնախագահին ցուցաբերվող աջակցությունը, որին մենք ականատես եղանք, աննախադեպ էր», - հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնը։

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ սկսելով քարոզարշավը՝ Հարիսն առայժմ շատ ժամանակ չի ունեցել իր ծրագրերն ու գաղափարներն առաջ մղելու համար: Համագումարի վերջին գիշերը նախատեսված ելույթում ակնկալվում է, որ նա կանդրադառնա ընտրողներին հուզող որոշ առանցքային հարցերի, ներառյալ տնտեսությունն ու ներգաղթը: Հարիսը և դեմոկրատ այլ առաջնորդները նաև կփորձեն հանրությանը փոխանցել այն ուղերձները, որոնցով իրենք տարբերվում են իրենց հանրապետական մրցակիցներից, ասում է Չիկագոյի համալսարանի Քաղաքագիտության պրոֆեսոր Ջոն Մարկ Հանսենը։

«Անշուշտ, հիմնական շեշտը կլինի հիմնարար իրավունքների, մարդկանց՝ սեփական ընտրություն կատարելու ազատության մասին: Եվ դա մի տեսակ ավելի լայն համատեքստ է, որի շրջանակում կքննարկվեն հղիության արհեստական ընդհատման, նույնասեռականների և տրանսգենդեր մարդկանց իրավունքները», - նշում է Հանսենը:

Մինչ հազարավոր դեմոկրատ պատվիրակները հավաքվում են, ակնկալվում է, որ Չիկագոյում տեղի կունենան նաև լայնածավալ բողոքի ցույցեր: Ակտիվիստները մտադիր են ճնշում գործադրել դեմոկրատների վրա, որպեսզի փոխեն քաղաքական ուղեգիծը Իսրայելին՝ Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող շարունակական աջակցության հարցում։ Արդեն տասներորդ ամիսը Գազայում շարունակվող պատերազմի ֆոնին շատերն են Նահանգներում պահանջում Ամերիկյան կառավարությունից վերանայել այդ դիրքորոշումը։ Հարիսը մինչ օրս զուսպ է արտահայտվել՝ աջակցություն հայտնելով թե՛ Իսրայելի ինքնապաշտպանությանը, թե՛ հնարավոր զինադադարին:

«Նախ և առաջ, ես և նախագահը շուրջօրյա աշխատում ենք այս հարցի շուրջ. մենք պետք է ազատ արձակենք պատանդներին, պետք է պատանդների խնդրի շուրջ գործարք կնքվի և անհրաժեշտ է հրադադար: Դա պետք է արվի, գործարքը պետք է տեղի ունենա, և դա պետք է արվի հիմա», - հայտարարել էր նա:

Ակնկալվում է, որ համագումարին ներկա կլինեն նաև Միացյալ Նահանգների նախկին դեմոկրատ նախագահները։ Ելույթ կունենա նաև գործող առաջնորդ Ջո Բայդենը։ Թեև նա պաշտոնավարելու է մինչև հունվար, շատերն են Բայդենի ելույթը դիտարկում որպես վաղաժամ հրաժեշտ։

Փիթեր Լոջ


Կարծում եմ՝ նա կգա և էստաֆետը կհանձնի նոր սերնդին, և նրան շատ ջերմ կընդունեն: Նա ելույթ կունենա բացման երեկոյի ժամանակ, կտա համագումարի մեկնարկը, իսկ հետո կհեռանա, կվերադառնա իր ամենօրյա աշխատանքին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ղեկավարելուն։

Նախագահի նոր թեկնածուի, հեռացող նախագահի և փողոցներում բողոքի ցույցերի ֆոնին համագումարը Դեմոկրատական կուսակցության համար լավ առիթ կլինի՝ հայտնվելու ուշադրության կենտրոնում նախընտրական բուռն մրցապայքարի այս փուլում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG