«Եթե դու մամուլի ասուլիսների չես մասնակցում, չես կարող նախագահ աշխատել։ Քամալա Հարիսը ոչ մի մամուլի ասուլիս չի անցկացրել», - անցած գիշեր Մոնտանա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն՝ իր մրցակցին մեղադրելով մամուլի հետ շփումներից խուսափելու համար։
Թրամփը նաև պնդել է, թե Բայդենի՝ ընտրարշավից դուրս գալն իրականում Դեմոկրատական կուսակցության ներսում կազմակերպված հեղաշրջում էր։
«Դա առաջին հեղաշրջումն էր մեր երկրի պատմության մեջ», - հայտարարել է Թրամփը։
Երեկ Reuters-ը հաղորդեց, որ Դոնալդ Թրամփն և Քամալա Հարիսը կբանավիճեն սեպտեմբերի 10-ին՝ ABC հեռուստաալիքով։ Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնել է սեպտեմբերին երեք բանավեճ անցկացնել և սպասում է Հարիսի պատասխանին: Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր կալվածքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նաև բանավեճի օրեր էր նշել՝ սեպտեմբերի 4, 10 և 25: