Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Գործընթացը դինամիկ է, երբեմն ունենում ենք առաջընթաց, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագ վերջնականացնենք»,- ասաց Գրիգորյանը՝ վերահաստատելով նաև մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ Հայաստանի պատրաստակամությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Երևանի վերջին առաջարկը ստանալուց հետո ասել էր, թե «ավելի քիչ հարցեր են բաց մնում», «որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում»՝ առանց մանրամասներ փոխանցելու։ Սակայն Բայրամովի հայտարարությունից մեկ օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտեց՝ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է։
Բաքուն դեռ չի արձագանքել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին
Անդրադառնալով վերջին շրջանում հրադադարը խախտելու մասին ադրբեջանական մեղադրանքներին՝ Գրիգորյանն ասաց, որ Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները՝ շեշտելով՝ միանշանակ հայկական կողմից որևէ քայլ չի եղել էսկալացիայի ուղղությամբ, կրակոցներ չեն եղել։
«Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածվում, բայց նաև խնդրին լուծում տալու նպատակով մենք Ադրբեջանին նաև հրապարակային առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել գերատեսչությունների միջև, դա կարող է լինել քննչական կամ այլ մարմինների, որոնք կհետաքննեն դեպքերը և վստահելի տվյալներ կունենանք, և նաև միջազգային հանրությունն էլ կիմանա, թե արդյոք այդպիսի դեպքեր եղել են», - ասաց ԱԽ քարտուղարն՝ ընդգծելով, որ այս առաջարկին Բաքուն դեռ չի արձագանքել։