Մատչելիության հղումներ

Հայ գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի․ ՀՀ ՄԻՊ


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան անահիտ Մանասյան, արխիվ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան անահիտ Մանասյան, արխիվ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն անընդունելի են քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժեքների տեսանկյունից, այսօր հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ իր ուղերձում։

Մանսայանն ընդգծել է՝ ադրբեջանական իշխանությունների որդեգրած այդ քաղաքականությունը միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Իրավապաշտպանները բազմիցս են բարձրաձայել Բաքվում պահվող գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։

Ադրբեջանում ավելի քան 8 ամիս ճաղերի հետևում գտնվող Արցախի նախկին պետնախարարի փաստաբաններն էին օրերս հրատապ դիմում ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ բարձրաձայնելով խոշտանգումների մասին։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն «Ազատությանն» ասել է, որ Ադրբեջանում բանտարկված, Արցախից գերեվարված այլ անձանց ընտանիքներից ևս իրեն տեղեկություններ են հասնում դաժան վերաբերմունքի մասին, պարզապես ի տարբերություն Վարդանյանի ընտանիքի՝ մյուսները չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասական ազդել իրենց հարազատի վրա՝ անվտանգության առումով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG