Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ նոր բան լսել խաղաղության գործընթացից։
«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանն, ինչպես նաև փորձում է լուծել այդ վեճը», - ասել է Միլլերը։
Հունիսի 20-ին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։
Խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից Ալիևն ընդգծել է «Հայաստանում Սահմանադրության, համապատասխան օրենքների և ներքին նորմատիվ իրավական ակտերի հիման վրա Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ տալու կարևորությունը»։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
Մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին այս ամսվա սկզբին կայացած ասուլիսում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ պաշտոնական Երևանը նաև հայտարարեց, որ պատրաստակամ է կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ: Սակայն Բաքուն անարձագանք թողնելով Երևանի այս առաջարկը՝ նոր թեմաներ առաջ քաշեց՝ հայտարարելով, թե խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների դադարեցումն է։