Հայաստանն օդի աղտոտվածությանը վերագրվող մահացության ցուցանիշով համաշխարհային միջինը գերազանցում է 19 տոկոսով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները դեռ նախորդ տարի ներկայացրել էր նաև Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
Ընդհանուր առմամբ, աղտոտվածության հետևանքով աշխարհում տարեկան վաղաժամ 4,2 մլն մարդ է մահանում:
«Օդի աղտոտվածության մակարդակը մեր երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմայից մոտավորապես 6 անգամ ավելի է։ Աշխարհում 131 երկրների շարքում Հայաստանը 22-րդն է օդի աղտոտվածության մակարդակով և Հայաստանում օդի աղտոտվածությանը վերագրվող մահացության ցուցանիշով համաշխարհային միջինը գերազանցում է 19 տոկոսով, իսկ միջին եվրոպական ցուցանիշը՝ շուրջ 2,6 անգամ», - անցած տարվա մայիսին հայտարարել էր Ջանջուղազյանը։
Այս ցուցանիշներին շրջակա միջավայրի նախարարը չի տիրապետում, փոխարենը նկատում է՝ ըստ տարեկան դիտարկումների՝ վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել: Բայց հենց նախարարի ներկայացրած գրաֆիկայից պարզ է՝ Երևանը նախորդող տարիներին մոտեցել է օդի աղտոտվածության կարմիր գծին, երբեմն նաև անցել սահմանը:
«Նոր անհանգստացնող տվյալներ չի գրանցվել, քան նախկինում կար», - հայտարարել է շրջական միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Հանրապետությունում օդի աղտոտվածության մակարդակը մտահոգիչ է, փաստում են նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալները, խոշոր քաղաքներում օդում փոշու առկայությունը գրեթե միշտ ացնում է թույլատրելի շեմը:
Պայմաններն անբերանպաստ են, բայց վտանգավոր չեն, հուսադրում է շրջակա միջավայրի նախարարը։
Երևանի քաղաքապետարանի սարքերն է՛լ ավելի վատ պատկեր են ներկայացնում, այս առիթով Սիմիդյանն ընդգծում է՝ սենսորային սարքերը տեղադրված են հիմնականում շինհրապարակներում:
«Նաև շվեյցարական կազմակերպության կայքի տվյալներն են անհանգստացնում։ Բայց ասեմ, որ միջազգային ստանդարտների համաձայն՝ այդ սարքերը դեռևս չունեն հավաստում, որ դրանց տվյալները ճշգրիտ են, դրանք կարող են 10-ից մինչ 40 տոկոս շեղում գրանցել», - ասաց Սիմիդյանը:
Օդի աղտոտվածությունը չափող 151 սարք է տեղադրված Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվող բարձրահարկերի շինհրապարակներում, վերջին տվյալներով՝ միյան Երևանում շուրջ 300 բարձրահարկ է կառուցվում: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային օդի մասով դիտարկող սարքերը չեն ուսումնասիրում օդում ակռա փոշու ամենավտանգավոր՝ փոքր մասնիկները, որոնք կարող են շնչուղիներով հասնել մինչև թոքեր, արյուն և ուղեղ: Նախարարը հայտարարեց՝ արդիականացնում են համակարգը:
«Կառավարության կողմից արդեն ֆինանսավորվել է, և առաջիկա 2 ամսում մենք մոնիթորինգի համակարգը կհամալրենք 2 նոր սարքերով, որոնք իրական ժամանակում մեզ կտրամադրեն օդի աղտոտվածության վերաբերյալ ամբողջական տվյալներ», - նշեց շրջակա միջավայրի նախարարը։
Նոր սարքովորումները կներկայացնեն նաև օդում փոշու մանր հատիկների տվյալները, ինչը, ըստ Սիմիդյանի, կօգնի նաև հետագա քաղաքականության մշակման առումով: Նմանատիպ ևս 3 սարք կլինի Ճապոնայի կառավարության հետ գործակցությամբ: