Մատչելիության հղումներ

Պատմամշակութային հուշարձանը՝ հանքի շահագործման վտանգի տակ


Արարատ համայնքում գտնվող և աղբավայր հիշեցնող տարածքը իրականում պատմամշակութային հուշարձան է, վստահ են գիտաշխատողները:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն արդեն դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ այն նորահայտ հուշարձանների ցանկում ընդգրկելու համար:

«Դա մեկ հուշարձան չէ, հնագիտական հուշարձանի համալիր եմ ես անվանել, այնտեղ ունենք Ք.Ա. 5-րդ հազարամյակից սկսվող և մինչև միջնադար տևած ու բնակեցման որոշակի փուլերով ներկայացված տարբերատեսակ հուշարձաններ», - ասաց Բորիս Գասպարյանը։

Սարիպապի բլրաշարն է, որտեղ Վանի թագավորության և զարգացած միջնադարին բնորոշ օրինակներ են առկա, առնվազն 50 կարմիրգրքյան բույսեր, կենդանիներ, սնկեր կան, պահպանված են պալեոզոյան, այսինքն՝ հնագույն ժամանակաշրջանի բրածոներ, հուշարձանը հայտնաբերարած գիտաշխատող Հովհաննես Հակոբյանն է պատմում: Մինչ նախարարությունն ուսումնասիրում է, այստեղ հանք են ուզում շահագործել ու մարմարացված կրաքար արդյունահանել:

Հանքը շահագործելու համար «Մար գրուպ 1» ՍՊԸ-ն է դիմել, սակայն հանրային լսումներն այս տարվա նոյեմբերի վերջին չկայացան՝ ընկերությունը չէր ներկայացել: Մեկ անգամ արդեն համայնքը մերժել է՝ հիմնականում ավագանու ընդդիմադիր խմբակցության ձայներով, այժմ հանքի տեղը փոքր-ինչ տեղափոխվել է՝ հեռացվել համայնքի գերեզմանոցից: Կրաքարի հանք շահագործել ցանկացող ընկերության ղեկավար Պետրոս Կարագյոզյանն «Ազատությանն» ասաց՝ դեռ չեն որոշել՝ նորից կդիմեն համայնքին, թե ոչ։

Գիտաշխատողները հիշեցնում են, որ դեռ շատ լուրջ ուսումնասիրություն արված չէ, որոշ բաների մասին նույնիսկ լռում են՝ գանձագողությունից խուսափելու համար, կասեն, երբ հուշարձան համարվի և պետության կողմից պահպանվի:

Այս տարածքում հանքի շահագործումն անհնարին է դարձնում «Ընդերքի մասին» օրենսգիրքը. ընդերքօգտագործումն արգելվում է Կարմիր գրքում գրանցված բույսերի կամ կենդանիների բնակատեղիներում, ինչպես նաև եթե այդ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ («Ընդերքի մասին» օրենսգիրք, 26 հոդված):

Խորհրդային տարիներին այստեղ հանքավայր գործել է, սակայն դեռ այն ժամանակ է համայնքը դժգոհել ու փակել հանքը, քանի որ հուշարձանը մխրճված է գյուղատնտեսական հողերում:

Արարատի մարզն օդի աղտոտվածության առումով առաջատարներից է, այստեղ արդյունահանվում են ավազ, տրավերտին, կրաքար և այլ օգտակար հանածոներ: Տարածքային կառավարման նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանի գյուղատնտեսական զարկեր համարվող Արարատի և Արմավիրի մարզերը հանքերի պակաս չեն զգում:

Ըստ այդ տվյալների՝ Արարատի մարզում շահագործվում է արդեն իսկ 49 հանքավայր, Արմավիրում՝ 38: Հանքերի թիվը կարող է ավելանալ, քանի որ Արարատի մարզում հանքի շահագործման 17 նոր հայտ կա, իսկ Արմավիրի մարզում՝ 5։

Մինչ նոր հանքերի շահագործման հարցն է որոշվում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի ուսումնասիրությունները փաստում են՝ գործողներն էլ մեծ վնաս են հասցնում: Հանրապետությունում ապօրինի արդյունահանման 113 դեպք է արձանագրվել:

Հանքարդյունաբերողները շարունակում են գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը, սակայն մասնագետները պնդում են՝ ամեն տարածքում չէ, որ հանքը պետք է շահագործվի, վստահ են՝ մշակութային հուշարձանները, առողջարանները պահպանելով, օրգանական գյուղատնտեսություն ունենալով կարելի է զարգացնել զբոսաշրջությունը, որը մի շարք զարգացած տնտեսությունների առանցքային ճյուղերից է:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG