Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ «Նաիրիտ գործարան» ընկերության տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են: Այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն:
«Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ մշտական հովացում ապահովելու համար: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ «Նաիրիտ» քիմիական գործարանի էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 28-ին: Երեկ առավոտյան տարաներից 3-ում կրակը մարված էր, հրդեհի փոքր օջախ էր մնացել միայն մեկ տարայում:
Բնապահպանության և Առողջապահության նախարարությունները տեղեկացրեցին, որ գործարանի հարակից տարածքներում վերցրել են օդի նմուշներ՝ աղտոտվածության չափը պարզելու համար: Թեև որոշ բաղադրիչներ գերազանցել են թույլատրելի սահմանաչափը, բայց դրանք, ըստ պաշտանական հաղորդագրության, քաղաքացիների առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:
Նշենք, որ հրդեհի փաստով քրեական գործ հարուցված չէ։