Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։
Նրանք քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, մասնավորապես՝ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում են ռազմական գերատեսչությունից։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանի զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։
- Հայաստանն ու Ֆրանսիան անցած աշնանը ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Արդեն փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։
- Փարիզը մեկ անգամ չէ հայտարարել, որ Հայաստանին միայն պաշտպանական նշանակության սարքավորումներ է տալիս․ Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։