Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:
Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները:
Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ նախարարի այցի շրջանակում ՀՀ ՊՆ-ի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Հայաստանն ու Ֆրանսիան անցած աշնանը ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Արդեն փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։
Փարիզը հայտարարել է, որ Հայաստանին միայն պաշտպանական նշանակության սարքավորումներ է տալիս․ Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։