Մատչելիության հղումներ

Ըստ փորձագետի, Ալիևը Լոնդոնում բանակցությունները տապալելու «խաղ» անցկացրեց


Երևանն ու Բաքուն միմյանց են մեղադրում ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։

Նախ ադրբեջանական կողմը պնդեց, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը։

«Հանդիպման սկզբում պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայի վարչապետը, իսկ հետո նախատեսվում էր շարունակել հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հայաստանի մերժումը համարում ենք երկխոսությունից և խաղաղության օրակարգի առաջմղման մտադրությունից հեռանալու դրսևորում», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Մոտ մեկ ժամ անց Հայաստանի արտգործնախարարությունը հակադարձեց՝ խոսելով երկկողմ հանդիպման Երևանի առաջարկի մասին:

«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ը։

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մասնակցում են այսօր Լոնդոնում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։

Առավոտյան Օքսֆորդշիրի Բլենեմյան պալատ ժամանեց նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական ITV հեռուստաընկերության հարցը, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Հայաստանի վարչապետը անպատասխան թողեց։ Իսկ Ադրբեջանի նախագահն արձագանքեց՝ բութ մատը վերև պարզելով։

Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին մասնակցում են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ հավաքների շրջանակներում հենց Միշելի ու Մակրոնի նախաձեռնությամբ էին կայացել Փաշինյան- Ալիև երկու հանդիպումները։

Առաջինը քառակողմ հանդիպումը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդ հանդիպումը, որին միացավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, 2023 -ի հունիսին Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Իսկ արդեն անցած տարի հոկտեմբերին Գրանադայում անցկացված հանդիպումը Ալիևը բոյկոտեց՝ ֆրանսիայի նախագահի մասնակցության պատճառով։ Բաքուն Մակրոնին մեղադրում է հայամետության մեջ:

Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիայի վարչապետը փորձել Ալիև-Փաշինյան հանդիպում նախաձեռնել

Ինչո՞ւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում արդեն իսկ գոյություն ունեցող բանակցային այս հարթակը փորձ արվեց փոխարինել Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր պարզաբանել է, թե Մեծ Բրիտանիան է նախաձեռնել հանդիպումը՝ առաջարկվելով այս տարվա փետրվարին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի ժամանակ անցկացված հանդիպման ձևաչափը օգտագործել։ Այսինքն, ինչպես Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ներկա գտնվեց հանդիպման սկզբում, ապա բանակցությունները շարունակվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ ձևաչափով, այնպես էլ պետք է Մեծ Բրիտանիայի վարչապետը մասնակցեր այսօրվա հանդիպմանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, սակայն, Բաքուն միտումնավոր փորձել է փոխել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում արդեն իսկ գոյություն ունեցող բանակցային ֆորմատը, որը տեղի էր ունենում Շառլ Միշելի, Մակրոնի, Շոլցի մասնակցությամբ, այդ կերպ ցանկանալով խուսափել այդ ֆորմատում ստանձնած պարտավորություններից։ Իսկ հայկական կողմը ոչ թե մերժել է Լոնդոնի առաջարկը, այլ փորձել է Բաքվին վերադարձնել արդեն իսկ գոյություն ունեցող բանակցային ձևաչափ։

«Հայկական կողմը փորձել է շարունակել հենց այդ հարթակում քննարկումները, որոնք Բաքուն փորձեց ընդհատել դեռևս նախորդ տարի հոկտեմբերին՝ Գրանդայում տեղի ունեցած գագաթնաժողովին չմասնակցելով և մերժելով շարունակել այդ հանդիպումները։ Որովհետև այս գագաթնաժողովի համատեքստում իրականացվող քննարկումներում Ադրբեջանի և Հայաստանի միջև եղել են որոշակի պայմանավորվածություններ: Դրանք որոշակի հանձնառություններ են ենթադրել ոչ միայն Երևանի համար, այլ նաև Ադրբեջանի համար։ Ադրբեջանն ստանալով իր ցանկացածը, այսինքն, Հայաստանի ճանաչումը Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, փորձեց ամեն կերպ խուսանավել արդեն իրեն վերաբերվող հանձնառությունների օրակարգը շարունակելուց», - նշեց Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանը չի բացառում, որ հենց Բաքվի խնդրանքով է Մեծ Բրիտանիայի վարչապետը փորձել հանդիպում նախաձեռնել, հաշվի առնելով Լոնդոնի և Բաքվի սերտ տնտեսական կապերն ու տասնամյակների համագործակցությունը։ Այս քայլով, ըստ Բադալյանի, Բաքուն փորձել է ստեղծել մի պատկեր, որ ոչ թե ինքն է մերժում Երևանի երկկողմ հանդիպման առաջարկը, այլև Երևանն է մերժում Լոնդոնի միջնորդությամբ եռակողմ հանդիպման առաջարկը։

Քաղաքական մեկնաբանը համոզված է՝ եթե Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը չանցկացվեր Լոնդոնում, Իլհամ Ալիևը Գրանադայի օրինակով չէր մեկնի նաև եվրոպական մեկ այլ քաղաք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG